Թուրքիայի Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վաղը Թուրքիայում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանցում պայքարը թեժ է լինելու հատկապես 26 նահանգում։ Ամենամեծ մրցակցությունը ծավալվելու է դրանց 70 պատգամավորական տեղերի համար։
Ընդգծվում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ քվեների անգամ 1.3 տոկոսի փոփոխությունը կարող է հանգեցնել այս կամ այն կուսակցության համար պատգամավորական մանդատ ձեռք բերելուն կամ կորցնելուն։
Այդ 26 նահանգները համարվում են կրիտիկական նահանգներ խորհրդարանում ներկայացված քաղաքական 4 ուժերի համար։ Հունիսի 7-ի ընտրություններում այդ նահանգներում 300-5700 քվեի տարբերությունը հանգեցրել է, որ կուսակցություններից մեկը ստացել է պատգամավորական մանդատ, իսկ մյուսը կորցրել է այն։
Այժմ եթե այդ նահանգներում քվեարկության արդյունքները 0.39-3 տոկոսով տարբերվեն հունիսի 7-ի ընտրություններից, ապա դա կարող է պատգամավորի փոփոխության պատճառ դառնալ։
Նման նահանգների թվում նշվում են Ստամբուլի 3-րդ ընտրատարածքը, Գյումուշհանեն, Գիրեսունը, Բայբուրթը, Սամսունը, Չանքըրըն, Ամասիան, Մուշը, Արդահանը, Չորումը, Մալաթիան, Թունջելին, Նիղդեն, Սըվազը, Բիլեջիքը, Էրզինջանը, Այդընը, Իզմիրի 1-ին ընտրատարածքը, Քահրամանմարաշը, Օրդուն, Քոջաելին, Իգդիրը, Բաթմանը, Բինգյոլը, Հաթայը, Վանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ունի 81 նահանգ, սակայն ընտրատարածքների թիվը 85-ն է։ Դրա պատճառն այն է, որ մեծաթիվ բնակչություն ունենալու պատճառով Ստամբուլը բաժանվել է 3 ընտրատարածքի, իսկ Անկարան ու Իզմիրը՝ 2-ական ընտրատարածքի։










































