Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը կտրուկ ձևով իր դժգոհությունն է հայտնել Եվրոպայում փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակից: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ Քամբերբեթչը բեմից բառացիորեն «գրողի ծոցն է ուղարկել» քաղաքական գործիչներին:
«Համլետ» ներկայացումից հետո դերասանն արտասանել է Ուորսոն Շայրի «Տուն» բանաստեղծությունը: Քամբերբեթչը նաև խոսել է իր ընկերոջ մասին, որը վերջերս որպես կամավոր մեկնել է հունական Լեսբոս կղզի, ուր օրական մոտ 5 000 փախստական է ժամանում:
Արտիստին վրդովեցրել է այն, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները համաձայնվել են առաջիկա 5 տարում երկիր թողնել միայն 20 000 միգրանտի Մերձավոր Արևելքից: Կորցնելով ինքնատիրապետումը՝ Քամբերբեթչը հանկարծ կոպիտ արտահայտություն է արել քաղաքական գործիչների հասցեին:
Պարբերականը նշում է, որ ամեն ներկայացումից հետո դերասանըհանդիսատեսին կոչ է անում միջոցներ նվիրաբերել հիմնադրամի օգտին, որն օգնում է սիրիացի փախստականներին:









































