ՀՀԿ-ի սահմանադրական քարոզչական շտաբի պատկառելի կազմը ՀՀԿ-ականները դիտարկում են որպես Սահմանադրության փոփոխության գործընթացի կարևորության վկայություն՝ այն առումով, թե ինչքան կարևոր միջոցառում են համարում նրանք հանրաքվեն: ՀՀԿ-ականների շտաբը իսկապես պատկառելի է ստացվել, որտեղ ներկայացված է իշխանական ողջ շքախումբը, ողջ պալիտրան՝ շտաբի պետով և նրա վեց տեղակալներով:
Եվ սա իրոք վկայում է, որ Հանրապետականը պատրաստվում է աննախադեպ մոբիլիզացիայի, գուցե նաև ի պատասխան այն մոբիլիզացիոն կոչերի, որ հնչում են ընդդիմադիր դաշտում: ՀՀԿ-ն երևի թե պատրաստվում է անհրաժեշտության դեպքում կոնտրմոբիլիզացիա կազմակերպել, ինչի հնարավորությունները իհարկե կան՝ նկատի ունենալով մի շարք նախադեպեր: Խոսքը ոչ միայն վարչական ռեսուրսին է վերաբերում, որը և՛ սահմանադրական հանրաքվեի արդյունքներ ստանալու գործում կմոբիլիզացվի, և՛ հարկ եղած դեպքում միտինգներ կազմակերպելու: Մոբիլիզացիոն ռեսուրսը նաև հասարակության այն շերտերն են, որոնք գտնվում են այս կամ այն օլիգարխի ենթակայության ներքո, որոնք ըստ էության ժողովուրդ են, ժողովրդի մաս, սակայն պատրաստ են ծառայել այս կամ այն օլիգարխի, իշխանական բարձրաստիճան պաշտոնյայի շահերին և մասնակցել հակահասարակական ակցիաների:
Մենք ականատես ենք եղել այս իրավիճակին տարբեր լոկալ առիթներով, այս տեխնոլոգիան հատկապես կիրառվել է Սամվել Ալեքսանյանի միջոցով, որը և՛ պատգամավորական ընտրություններում, և՛ Փակ շուկայի ճարտարապետական խնդրի հետ կապված բողոքի ակցիաներում կիրառում էր ժողովրդական բաղադրիչով հակաքայլի մարտավարությունը: Եվ սա իրականություն է, որը չընդունել անհնար է: Վերջիվերջո, նույն սկզբունքն էր նաև դրված Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության հիմքում և, ըստ էության, այստեղ ևս մոբիլիզացիոն հսկա ժողովրդական ռեսուրս կար, որը գտնվում էր մեկ օլիգարխի տրամադրության ներքո, և բավական էր այդ օլիգարխին հեռացնել քաղաքականությունից, երբ հանկարծ պարզվեց, որ հեռացել է կամ համենայն դեպս անէացել է նաև այդ ռեսուրսը:
Եվ սա հայաստանյան քաղաքականության, ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքի առանցքային խնդիրներից, հիմնարար հարցերից մեկն է: Հայաստանում իշխանական համակարգի արմատները ներթափանցել են հանրային օրգանիզմ շատ խորը, և ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում իրավիճակի փոփոխության ուղիների փնտրտուքը չի կարող արդյունավետ լինել, եթե շրջանցում է այդ խնդիրը, եթե աչք է փակվում այն իրողության վրա, որ, այո, յուրացնելով իշխանությունն ու տնտեսական ռեսուրսները՝ իշխող համակարգը նաև ժողովրդական ռեսուրսի մի մասն է յուրացրել:
Եվ փնովել այդ ռեսուրսին, պախարակել, վարկաբեկել, ամոթանք տալ իհարկե կարելի է, սակայն դրա արդյունքը հազիվ թե շոշափելի լինի հասարակական-քաղաքական պրոցեսում համակարգի հանդեպ առավելության հասնելու տեսանկյունից: Կնշանակի, որ արդյունավետության հրամայականը պահանջում է գտնել այդ ռեսուրսը, այսպես ասած, հասարակությանը վերադարձնելու տարբերակներ: Առանց դրա անհնար է լինելու վերադարձնել տնտեսական և իշխանական խլված ռեսուրսները հասարակությանը: Եվ սա, իհարկե, բավական բարդ և տևական աշխատանք է պահանջելու, որը անհամեմատ ավելի դժվար և ծանր իրագործելի է, քան պարզապես արմատական, պաթետիկ հռետորաբանությունը և նաև մեղադրանքները բոլոր նրանց, «ովքեր մեզ հետ չեն»:
Սա իհարկե անհամեմատ հեշտ է, հեշտ է նաև ինքնարդարացման խնդիրները լուծելու տեսանկյունից: Եվ այս առումով Հայաստանում իշխանական և ընդդիմադիր դաշտերում առկա է նաև մեկ այլ կարևոր առանձնահատկություն-տարբերություն, որը ևս էական դեր ունի ուժերի ներկայիս հարաբերակցության և արդյունքների կանխորոշման հարցում: Խնդիրն այն է, որ ի տարբերություն ընդդիմադիր խմբերի առաջ դրվող իրական, ոչ պաթետիկ նպատակների՝ իշխանական խմբերն իրենց առաջ դնում են առավել ռազմավարական և հեռահար խնդիրներ ու հաշվարկներ, և այստեղ ևս, քանի իրերի հարաբերակցությունն այդպիսին է, խոսել արդյունքի տարբերության հեռանկարների մասին չի կարող իրատեսական լինել, որքան էլ ականջի և հոգու համար լինի ոչ այնքան հաճելի:









































