ՀՀ փաստաբանների պալատում բորբոքված կրքերը չեն մարում։ Օր օրի նորանոր բացահայտումներ են կատարվում։ Մինչդեռ, երեկ պալատի նախագահ Արա Զահրաբյանը իրար գլխի էր հավաքել պալատի անդամ փաստաբաններին՝ քննարկելու իրենց համայնքում առկա խնդիրները, և ինչու ոչ նաև, ցույց տալու, որ իրենք շատ համերաշխ են ու ոչ մի կոնֆլիկտ չկա։ Դա, թերևս, Արա Զոհրաբյանին հաջողվեց, քանի որ քննարկմանը չէին մասնակցում «անհնազանդ» փաստաբանները՝ ոչ Լուսինե Սահակյանը, ոչ Երվանդ Վարոսյանը, ոչ Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Գյոզալյանը, Ալեքսանդր Սիրունյանը և մի շարք այլ փաստաբաններ։ Իսկ քննարկումը կազմակերպված էր շատ կանխատեսելի ֆորմատով. Ներկա փաստաբաններն իրենց նախագահին հարցեր պետք է ուղղեին գրավոր ընթացակարգով, ինչը, ըստ էության, բացառում է անցանկալի հարցերի առկայությունը։ Ամեն դեպքում, Արա Զոհրաբյանը մատնացույց անելով դահլիճի մարդաշատությունը նկատել է, որ «եթե կա այդքան փաստաբան ու պալատի պատերը չեն ճաքել, ապա նշանակում է, որ իրենք իրոք ի վիճակի են հանգիստ, խաղաղ քննարկում ծավալել»։
Փաստաբան Լուսինե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրենց՝ քննարկմանը չմասնակցելու հանգամանքը բացատրեց նրանով, որ իրենք այնտեղ իրական քննարկում չեն տեսել։ «Դա բոյկոտ չէր, պարզապես արդեն իսկ տարածված հայտարարություններից ակնհայտ էր, որ դա իրական քննարկում չէր, չէր տալու այն հարցերի պատասխանները, որոնք այս օրերին հուզում են բոլորին։ Այդ քննարկումն էլ ապացուցեց, որ մենք ճիշտ ենք եղել»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ միայն այն հանգամանքը, որ պալատի նախագահին ուղված հարցերը եղել են գրավոր ընթացակարգով, բացառում էր իրական քննարկումը։ «Նաև, նկատի ունենալով այն ֆորմատը, որը որ ընտրվելու էր, ակնհայտ էր, որ դա իրական քննարկում չէր ու դա ընտրված էր հատուկ, որ իրական հարցերի պատասխանը չտրվեր։ Մասնավորապես, թե իրենց կողմից մամուլում հոդվածներ պատվիրվել են մեր դեմ, թե ոչ, և ով է պատասխանատու լինելու դրա համար»- հավելեց փաստաբաը։
Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենք չեն խուսափում և ցանկացած պարագայում պատրաստ են քննարկման նստել Արա Զոհրաբյանի հետ և քննարկել հուզող հարցեր, ընդ որում պայմանով, որ այդ քննարկումը լինի հրապարակային։ «Եթե Արա Զոհրաբյանը չունի թաքցնելու ոչ մի բան, և պատրաստ է տալ ռեալ պատասխաններ, մենք պատրաստ ենք իր հետ նստել և հրապարակային քննարկում կազմակերպել, ինչպես նաև պատասխանել իր հարցերին, եթե նա առհասարակ դեռ մեզ հարցեր ունի տալու»,- եզրափակեց Լուսինե Սահակյանը։
Նշենք, որ, ըստ վերը նշված փաստաբանների, իրենք պալատի նախագահի թիրախում են հայտնվել այն բանից հետո, երբ սկսեցին ակտիվորեն քննադատել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և նախագիծը։ Դրանից հետո անգամ Երվանդ Վարոսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվեց պալատում։ Սակայն երեկվա քննարկմանը, Արա Զոհրաբյանը հերքել է նաև այս փաստարկները՝ համարելով, որ դրանով փորձ է արվում վարկաբեկել պալատի հեղինակությունը։











































