Չինական կինոթատրոնները չեղյալ են հայտարարել Քվենտին Տարանտինոյի «Ջանգոն ազատագրված է» ֆիլմի բոլոր ցուցադրությունները: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը:
Ֆիլմի վարձույթը դադարեցվել է պրեմիերայից մի քանի ժամ առաջ: Պրեմիերան պետք է տեղի ունենար այսօր՝ ապրիլի 11-ին: Կինոթատրոնների աշխատակիցների խոսքով՝ արգելքի պահանջով հանդես է եկել Չինաստանում ֆիլմերի վարձույթով զբաղվող China Film Group Corporation-ը, որն իր այդ քայլը պարզաբանել է «տեխնիկական խնդիրներով»: Տեղի միկրոբլոգերներից մեկի խոսքով՝ կինոթատրոններից մեկում սեանսն ընդհատվել է մեկնարկից մի քանի րոպե անց:
Ֆիլմի դիստրիբյուտորն ու Չինաստանի վերահսկիչ մարմինները ոչ մի կերպ չեն մեկնաբանել վարձույթից ֆիլմի դուրսբերումը: Չինական կինոարդյունաբերության անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ ֆիլմի արգելման պատճառը եղել են մերկ տեսարանները:
Ավելի վաղ Sony Pictures ընկերությունը հայտարարել էր, որ ֆիլմը չինական վարձույթ դուրս կբերվի խմբագրված տեսքով: Մասնավորապես, ֆիլմի ռեժիսորը համաձայնել է կադրում հայտնվող արյան վառ կարմիր գունավորումը փոխարինել փոքր-ինչ բաց գույնով և այլն: Ֆիլմի հեղինակները խոստացել էին, որ ոչ մի դրվագ ֆիլմից չի հանվի:
Կրկնակի օսկարակիր «Ջանգոն ազատագրված է» ֆիլմը չինական վարձույթում Տարանտինոյի առաջին ֆիլմն էր: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Վայրի Արևմուտքում:










































