Միգրացիոն ճգնաժամի հետևանքով Եվրոպայում ստեղծված իրավիճակը սպառնալիք է ստեղծում ԵՄ գոյության համար։ Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Ներկայիս միգրացիոն ճգնաժամը, դատելով ամեն ինչից, ամենախոշոր մարտահրավերն է, որին ԵՄ-ն ստիպված է բախվել վերջին տարիներին։ Չեմ կասկածում, որ այն կարող է ցնցել ԵՄ-ն»,- ասել է Տուսկը։ Նա նաև խոստովանել է, որ ներգաղթյալների հոսքն ու դրա հետ կապված իրադարձությունները դարձել են իսկական երկրաշարժ Եվրոպայի քաղաքական ոլորտի համար։
«Անհրաժեշտ է երաշխավորել ԵՄ անդամ երկրների և միության ինստիտուտների միասնության պահպանումը»,- ընդգծել է Եվրախորհրդի նախագահը։
Խոսելով իրավիճակի կարգավորման միջոցառումների մասին՝ Տուսկը նշել է արտաքին սահմանների անվտանգության ԵՄ Frontex գործակալությանը մեխանիզմներով զինելու կարևորությունը, որոնք կապահովեն ԵՄ սահմանների անվտանգությունը։









































