Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մասնակցել է Հավանայում Vilma Espin Guillois ուսումնական համալիրի բացմանը: Ինչպես հաղորդում է Granma թերթը, հանդիսավոր արարողությունը կայացել է ապրիլի 9-ին:
Պարբերականի տվյալներով՝ ընդամենը 11 ամսվա ընթացքում կուբացի հեղափոխականի նախաձեռնությամբ կառուցված կենտրոնը հաշվարկված է 140 սովորողների համար, ունի գրադարան, համակարգչային լաբորատորիա, բժշկական կետ, սպորտային հրապարակ և 34 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ:
86-ամյա քաղաքական գործիչը շուրջ երկու ժամ շփվել է երեխաների, ուսուցիչների, շինարարների և տեղի բնակիչների հետ: Մասնավորապես նա «մեկնաբանել է կարևոր միջազգային թեմաներ՝ կլիմայի փոփոխություն, զանգվածային ոչնչացման զենք, տնտեսական ճգնաժամ, վառելանյութի բարձր գներ», և խոսել է Կուբայի գյուղատնտեսության հետ կապված մի շարք խնդիրների մասին: Բացի այս, Կաստրոն հավաքվածների հետ լսել է «Ընկերոջ վերադարձը» երգը, որը նվիրված է Ուգո Չավեսին:








































