CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչն իր դժգոհությունն է հայտնել «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ)՝ ակնհայտորեն նկատի ունենալով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին, թեպետ նրա անունը չի նշել։
Արընչը, որն ԱԶԿ-ի համահիմնադիրներից է, հայտարարել է, որ ԶԼՄ-ները, ներառյալ TRT պետական հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման ընկերությունը, Anadolu գործակալությունն ու կառավարամետ այլ ԶԼՄ-ներ իրեն ներառել են «սև ցուցակում»։
«Ինձ վրա էմբարգո են դրել։ Ինձ չեն հրավիրում հաղորդումներին։ Դա նաև վերաբերում է TRT-ին։ Արգելքն առնչվել է նաև նրանց, ովքեր աջակցում են իրեն, այդ թվում նաև ԱԶԿ-ի համահիմնադիր, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլին ու Թուրքիայի նախկին վարչապետ Ալի Բաբաջանին»,- ասել է Արընչը։
Արընչն ընդգծել է, որ կորցրել է նախկին համակրանքը մի շարք մարդկանց նկատմամբ, և որ իրեն չեն թույլատրում հանդիպել Էրդողանի հետ։ Արընչն անհեթեթություն է համարել այն լուրերը, որ ինքը, Գյուլն ու Բաբաջանը մտադիր են ԱԶԿ-ից զատ ստեղծել իրենց կուսակցությունը։
Արընչն անդրադարձել է նաև «Հիզմեթ» (գյուլենական) շարժման շուրջ բարձրացված աղմուկին՝ հայտարարելով, որ չափազանցություն է այն, որ նա պետություն է ստեղծել պետության մեջ. «Ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Եթե ենթադրենք, որ նրանց թիվը հասնում է մոտ մեկ միլիոնի, ապա նրանցից 900.000-ը հավատացյալներն են, որոնք կատարում են կրոնական բոլոր ծեսերը։ 99.000-ը զբաղվում է բիզնեսով։ Հնարավոր է, որ մնացյալ 1000 մարդը գնացել է այլ ուղով, և անհրաժեշտ է պայքարել հենց նրանց դեմ։ Սակայն իշխանությունների որոշ գործողություններ հանգեցրել են նրան, որ զոհ են դարձել անմեղ մարդիկ, գործարարներ, որոնք ընդհանուր որևէ բան չունեն կրիմինալ գործունեության հետ։ Ինչ-որ մեկը փորձում է հանրության մեջ ստեղծել «Հիզմեթ» շարժման կեղծ կերպար»։







































