Պաշտոնական Անկարան Բաքվին առաջարկել է զբաղվել Սև ծովի մայրցամաքային շելֆի, ինչպես նաև Միջերկրական ծովի նավթի ու գազի հանքերի համատեղ մշակմամբ: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:
Էներգետիկ համագործակցության մասին առաջարկը հնչել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի շուրթերից Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռևնագ Աբդուլաևի հետ հանդիպման ժամանակ:
Յըլդըզի խոսքով՝ Թուրքիան հատուկ ուշադրություն է դարձնում Միջերկրական ծովում մշակումներին, և ուրախ կլինի համագործակցել Ադրբեջանի հետ նավթի և գազի արդյունաբերության ոլորտում:
Յըլդըզի խոսքով՝ իրենց համագործակցություն են առաջարկում հայտնաբերված օգտակար հանածոների 50/50 բաշխման պայմաններով: «Նախագծի ձախողման դեպքում բոլոր ծախսերը կվճարի ընկերությունը, որը զբաղվել է նավթի ու գազի որոնմամբ»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իսրայելն ու Կիպրոսն ակտիվացել են Միջերկրածովյան սեփական տարածքների ծովային շելֆի մշակման հարցում:







































