Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության էական փաթեթի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրագործումը։
Ընդգծվել է, որ փաթեթի այդ բոլոր տարրերի իրագործումն ընթանում է գրաֆիկի համաձայն, և որ զորավարժությունների համատեղ կենտրոնի բացումը ու գնահատականները դրա վառ վկայությունն են։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստությունը։
Ընդգծվել է, որ գագաթնաժողովի ժամանակ համարժեք պետք է արտացոլվի ՆԱՏՕ-ում ինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը, և որ այդ գագաթնաժողովը պետք է դառնա քայլ անդամակցության ճանապարհին։ Քննարկվել է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Վրաստանի անդամակցության հարցը։









































