Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 15-ին Պոլսո Հունաց պատրիարքարանում տեղի է ունեցել Թուրքիայում գործող բոլոր եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ ժողով, որը նախագահել է Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը։ Հաղորդվում է, որ դա աննախադեպ իրադարձություն է վերջին 1700 տարվա համար, քանի որ սրանից առաջ եկեղեցական նման ժողով գումարվել է 325 թվականին Նիկիայում։
Հանդիպման ժամանակ ներկայացվել է «Քրիստոնեության հիմնական սկզբունքները» խորագրով գիրքը, որը պետք է ճանապարհ հարթի քրիստոնեական աշխարհում կարևոր զարգացումների համար։ Գիրքը պատրաստել է Թուրքիայում գործող կաթոլիկ, հայ առաքելական, հույն ուղղափառ, ասորի ուղղափառ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներից բաղկացած 11 հոգանոց հանձնաժողովը։
Գիրքը օգտագործվելու է պետական դպրոցներում քրիստոնեության դասավանդման համար և բաղկացած է 95 էջից։ Գրքի հրատարակումը միտված է քրիստոնեության վերաբերյալ «առողջ տեղեկատվություն» հաղորդելուն։










































