Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ լրագրող, իրավապաշտպան ու հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ 2010 թվականին Roj TV-ին տված հարցազրույցից հետո Զարաքօլուի դեմ հետաքննություն էր սկսվել, և նա մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու համար։
2010 թվականին Անկարայի հանրապետական դատախազության սկսած հետաքննությունը դատախազ Ռամազան Դինչի կողմից վերափոխվել է մի նոր հետաքննության, որը ստացել է «Սահմանադրական կարգի դեմ հանցանքների հետաքննություն» անվանումը։
Անկարայի դատախազության հրահանգով՝ Ռագըփ Զարաքօլուն օրեր առաջ Ստամբուլում ցուցմունք է տվել։ Հետաքննությունն առնչվում է ևս 9 լրագրողի։ Դրա հետ կապված՝ Ռագըփ Զարաքօլուի հիմնադրած Belge հրատարակչատունը հայտարարություն է տարածել, որում ուշադրություն է հրավիրել, որ Զարաքօլուի նկատմամբ նոր հետաքննությունը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-23-ը Երևանում կազմակերպված Գլոբալ ֆորումում նրա ելույթից հետո. «Երևանում ունեցած ելույթից հետո պահոցում գտնվող «քնած» թղթապանակներից մեկը բերվել է օրակարգ»։
Հաղորդվում է, որ նման բան Զարաքօլուի հետ տեղի է ունենում ոչ առաջին անգամ։ 2011 թվականի հոկտեմբերին Զարաքօլուն կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպությանը օգնելու» մեղադրանքով, սակայն կալանավորումից 5 ամիս անց ազատ էր արձակվել։ Կալանավորումը տեղի էր ունեցել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ, BDP) Քաղաքական ակադեմիայի բացման ժամանակ Զարաքօլուի ունեցած ելույթից հետո։










































