Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Սարի թաղի բնակիչների հետ:
«Մենք պարտավոր ենք միշտ հաշվետու լինել մեր բնակիչների առջև, և մեր չորս տարիների աշխատանքի համար հաշվետու ենք։ Մեր ծրագրերի մեծ մասը կյանքի է կոչվել, իսկ ծրագրերի մի փոքր հատվածի սկիզբը դրվել, որոնց կյանքի կոչման համար շարունակություն, թղթաբանություն, օր ու գիշեր աշխատանք է անհրաժեշտ, որ ունենանք մեր սիրելի Երևանը, որ երազում ենք տեսնել»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Երևան քաղաքում, այդ թվում՝ Սարի թաղում, ըստ նրա, կան բազում խնդիրներ՝ բնակարանների, խաղահրապարակների կառուցման, լուսավորության, ոռոգման ցանցի ընդլայնման և այլն։ Եվ այս չորս տարիների ընթացքում, ըստ քաղաքապետի, ժողովրդի վստահության քվեն ստանալով՝ այդ խնդիրներին անդրադառնալու և լուծում են տալու:
Տարոն Մարգարյանը նաև նշեց, որ օրակարգային հարցը Երևանի համաչափ զարգացումն է, իսկ ավելի լավ Երևան ունենալու համար պետք է քաղաքը համաչափ զարգանա. ոչ միայն Կենտրոնը, այլ բոլոր վարչական շրջանները:
«Ավելի լավ Երևան ունենալու համար պետք է ունենանք ավելի լավ բակ, ավելի լավ փողոց, ավելի լավ վարչական շրջան»,-ասաց Տ. Մարգարյանը:
Նա խնդրեց սարիթաղցիների ձայնը. «Մենք վստահ ենք, որ մայիսի 5-ին երևանցին իր ձայնը տալու է բարեկարգ բակին, անվճար մանկապարտեզին, վերանորոգված դպրոցին, երևանցին ձայնը տալու է ավելի լավ Երևանին»:
Ավագանու անդամ Աննա Ասատրյանն էլ իր ելույթում նշեց, որ պատասխանատու են մեր քաղաքի ճակատագրի համար։ Նրա խոսքերով՝ մայիսի հինգից է կախված մեր քաղաքի ապագան։
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ընտրությունը կատարի, մենք պետք է ընտրենք կամ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տեսնելով նրա կատարած աշխատանքը և հաշվի առնելով նրա աշխատանքային հարուստ փորձը, կամ էլ վստահենք մյուս թեկնածուների գեղեցիկ խոստումներին և նրանց, որպես փորձադաշտ, հրամցնենք մեր Երևանը՝ անորոշ ապագայով»,- ասաց Աննա Ասատրյանը, ով նաև վստահություն հայտնեց, որ մայիսի հինգին մեզնից յուրաքանչյուրը քվեարկելու է խղճի մտոք և քվեարկելու է հանուն ավելի լավ Երևանի:











































