Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը կարժենա շուրջ 6 միլիոն ֆունտ սթեռլինգ, հաղորդում է The Daily Telegraph-ը: Ծախսերը կվճարվեն մասամբ Թետչերի կարողությունից, մասամբ՝ Մեծ Բրիտանիայի պետական բյուջեից:
Հուղարկավորության նախապատրաստման կոմիտեն ապրիլի 9-ին անցկացրել է առաջին նիստը: 2009թ. ստեղծված և True Blue անվանումը ստացած կոմիտեի մեջ ներառված են MI5 հակահետախուզության ղեկավարությունը, թագավորական ընտանիքի, Անգլիկան եկեղեցու, ոստիկանության և խորհրդարանի ներկայացուցիչներ:
Նիստին որոշում է կայացվել, որ Թետչերի հետ հրաժեշտի արարողությանը կմասնակցեն բրիտանական բանակի և նավատորմի ստորաբաժանումներ, որոնք 1982թ. մասնակցել են Ֆոլքլենդյան պատերազմին ընդդեմ Արգենտինայի: Հուղարկավորությանը ներկա կլինեն նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:
Հուղարկավորության ժամանակ Լոնդոնում և մոտակա արվարձաններում պատրաստվածության են բերվելու իրավապահ մարմինների ուժերը: Իրավապահ մարմինները մտավախություն ունեն, որ Թետչերի քաղաքական հակառակորդները կարող են փորձել խափանել հուղարկավորությունը, որը կայանալու է ապրիլի 17-ին:







































