Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաև միջխորհրդարանական կապերը, ինչին նպաստում են և միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը և փոխադարձ այցերն ու շփումները: Պարոն Աբրահամյանը կարևորել է համագործակցությունը միջազգային ասպարեզում, հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը խոսել է տնտեսական համագործակցության կարևորության մասին, նշելով, որ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջև հասցնել քաղաքական համագործակցության մակարդակին :
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն շնորհավորեց նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակի և վերընտրվելու կապակցությամբ, ինչը վկայում է ժողովրդի բարձր վստահության մասին: Նա կարևորել է միջխորհրդարանական գործակցությունը և օրենսդրական փորձի փոխանակումը: Բարձր է գնահատվել միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որը մեծապես կարող է նպաստել խորհրդարանական կապերի խորացմանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, միջռեգիոնալ համագործակցության կայացմանը: Պարոն Անդրեյչենկոն կարևորել է համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում` նշելով, որ երկու երկրները առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված ներուժ ունեն, որն օգտակար և արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար:
Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս:










































