Չինաստանում մահապատիժ կիրառվում է ավելի հաճախ, քան մահապատիժ թույլ տվող դատական համակարգ ունեցող այլ պետություններում: Անցած տարի անցկացված հետազոտությունների հիման վրա նման եզրակացության են եկել Amnesty International-ի աշխատակիցները: Առաջին հնգյակում են նաև Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ընդհանուր առմամբ՝ աշխարհում 2012-ին մահապատժի է դատապարտվել 682 մարդ: Վիճակագիրները նշում են, որ աշխարհում իրականացվող պաշտոնական մահապատիժների կեսից ավելին բաժին է ընկնում Չինաստանին: Երկրում մահվան դատավճիռների հստակ թիվը իրավապաշտպան կազմակերպությանը չի հաջողվել պարզել, քանի որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է:
Amnesty International-ի աշխատակիցները խոստովանում են, որ իրենց հաշվարկներում իրենք ստիպված են եղել ապավինել ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ 2012 թվականին մահապատիժը վերսկսվել է Ճապոնիայում, Հնդկաստանում, Պակիստանում և մի քանի արաբական պետություններում:










































