ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով բրիտանա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և «սառը պատերազմի» ավարտի հարցերում նրա դերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Օբաման նշել է, որ Թետչերի մահվան հետ աշխարհը կորցրել է ազատության համար պայքարող մեծ մարտիկի, իսկ ԱՄՆ-ը՝ իսկական ընկերոջ:
Բրիտանիայի նախկին վարչապետ՝ «երկաթե լեդի» Մարգարետ Թետչերը մահացել է երկուշաբթի առավոտյան, 87 տարեկան հասակում: Նա հիվանդանոց էր տեղափոխվել անցած տարվա դեկտեմբերին: Ավելի ուշ նրա շրջապատից տեղեկացրել էին, որ նախկին վարչապետին հաջողությամբ վիրահատել են: Սակայն տարիքի պատճառով Թետչերը բժիշկների հսկողության տակ էր մնում, իսկ դեկտեմբերի 28-ին նրան հիվանդանոցից դուրս էին գրել:










































