Ալբանիայի մայրաքաղաք Տրիանայում մեկնաւրկել է ծանրամարտի Եվրոպայի 2013թ. Առաջնությունը: Հայաստանի առաջին ներկայացուցիչը պայքարի մեջ կմտնի ապրիլի 11-ին: 77 կգ քաշային կարգում իր ուժերն է փորձելու պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:
1in.am Sport-ի հետ զրույցում ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը նշեց, որ շատ դժվար կլինի մեդալներ նվաճել Տրիանայում: Մեր հարցին՝ արդյոք չարժե՞ր վստահել ծանրորդներին, որոնք ձախողվել էին օլիմպիական խաղերում և Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթը նրանց վստահություն կհաղորդեր աշխարհի առաջնությունից առաջ, Վարդանյանը պատասխանեց, որ համամիտ է, բայց միևնույն ժամանակ այս մրցաշարը փորձ կհաղորդի երիտասարդներին:
«Ճիշտ եք նկատել: Ո՛չ երկրպագուների, ոչ՛ մասնագետների համար հաճելի չէ, որ հայ ազգի ներկայացուցիչը մասնակցում է մրցաշարերի և մեդալ չի նվաճում, ինչպես եղավ օլիմպիական խաղերին: Ավելի լավ է չուղարկել մարզիկ, եթե մենք վստահ չենք, որ արդյունք կունենանք:
Ի տարբերություն մյուս սպորտաձևերի, մեր սպորտաձևում թվեր ու փաստեր են: Գիտենք մեր հակառակորդներին և գիտենք նրանց հնարավորությունները: Միտքը ո՞րն է. ուղղակի մասնակցությու՞նը: Ես դա նորմալ չեմ համարում: Իսկ եթե մարզիկներին ուղարկում ենք փորձ ձեռք բերելու համար, որպեսզի նրանք իրենց զգան եվրոպական հարթակում, դա ճիշտ քայլ է: Այս առումով ճիշտ եմ համարում նրանց գնալը: Չնայած, այս դեպքում ցանկալի, բայց միևնույն ժամանակ շատ դժվար կլինի մեդալ նվաճել:
Ժողովուրդն էլ պետք է ճիշտ հասկանա այս պահը, որ մեդալներ պետք չէ ակնկալել: Բայց այդ մասնակցությունը լավ է նրանով, որ մարզիկները փորձառություն են ձեռք բերելու:
Մեր զրուցակիցն ասաց, որ կիլոգրամների հաշվարկը ևս կարևոր քայլ է համարում հաջողության հասնելու ճանապարհին: Վարդանյանը նշեց, որ մենք հմուտ մարզիչներ ունենք, որոնք այդ դեպքերում գրեթե չեն սխալվում.
«Կիլոգրամների հաշվարկը ևս շատ կարևոր է: Դրանք պետք է կարողանալ ճիշտ կատարել, որը ևս նշանակություն ունի հաջողության հասնելու ճանապարհին: Ունենք հմուտ մարզիչներ, որոնք այդ հաշվարկների մեջ շատ քիչ են սխալվում: Կարող ենք վստահ լինել, որ մեր մարզիչները ուշադիր են և վրիպումներ գրեթե չեն թույլ տալիս:
Մարզիկը և մարզիչը պետք է փոխհամաձայնության գան: Մարզիկը պետք է իմանա, թե ինչ քաշեր է ունակ բարձրացնել ինքը: Եթե մարզիչը, օրինակ, պատվիրրում է 100 կգ, իսկ մարզիկն ասում է, որ 105կգ-ի է պատրաստ, ապա մարզիչը պետք է այնքան վստահ լինի մարզիկի ասածին, որ թույլ տա մոտենալ այդ քաշին: Մարզիչը պետք է զգա, որ իրոք մարզիկը 100%-ով պատրաստ է»:
Զրույցի վերջում օլիմպիական չեմպիոնը հաջողություն մաղթեց մեր ծանրորդներին. «Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին»:








































