ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուր է եկել ուկրաինական Femen շարժման ակտիվիստների ակցիան, որի ընթացքում Հանովերում տոնավաճառի ժամանակ նրանք մինչև գոտկատեղը մերկացել են Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջ:
«Ինչ վերաբերում է ակցիային, այն ինձ դուր է եկել: Մենք գիտեինք, որ նման ակցիա է պատրաստվում: Շնորհակալություն հայտնեք ուկրաինացի աղջիկներին, որոնք օգնում են Ձեզ՝ խթանելու տոնավաճառը»,- նախագահի խոսքերն է մեջբերում Interfax-ը:
Պուտինը նշել է, որ չի լսել, թե ինչպես են բացականչել կին ակտիվիստները, քանի որ անվտանգությունն աշխատել է շատ կոշտ: Դա, Պուտինի կարծիքով, ճիշտ չէ, և կարելի էր աղջիկների հետ փոքր-ինչ մեղմ վարվել:
Այդուհանդերձ, նախագահը հավելել է, որ քաղաքական հարցեր քննարկելու համար մերկանալը պարտադիր չէ:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է քաղաքական հարցեր քննարկել, ավելի լավ է դա անել հագնված: Մերկանալ պետք է այլ տեղերում»,- բացատրել է Պուտինը:














































