Մոլդովայում ցուցարարներն արգելափակել են ճանապարհները խորհրդարանի շենքի շուրջ, որպեսզի թույլ չտան Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ֆիլաթին դուրս գալ շենքից: Վերջինս հինգշաբթի մասնակից է ճանաչվել մոլդովական երեք բանկերից 1 մլրդ դոլարի գողության աղմկալի գործին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ցուցարարները նշել են, որ Ֆիլաթը չի կարող խուսափել պատասխանատվությունից, իսկ շենքից դուրս գալու դեպքում կարող է լքել երկիրը։ Ոստիկանության ուժեղացված ջոկատները շրջապատել են շենքը, սակայն դեռևս չեն միջամտում գործողություններին։
Խորհրդարանի նիստին Մոլդովայի գլխավոր դատախազ Կորնելիու Գուրինը պահանջել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Ֆիլաթին։ «Մենք աշխատում ենք տնտեսական հանցագոծությունների վրա և կարևոր արդյունքների ենք հասել»,- ասել է նա։ «Ես հանդես եմ գալիս արտասովոր պահանջով, ինչպիսին դեռևս չի եղել. մենք պահանջում ենք Ֆիլաթին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկենք կոռուպցիայի համար։ Մենք ունենք ապացույցներ, ցուցմունքներ և փաստաթղթեր առ այն, որ նա մասնակից է մեկ միլիարդի գողությանը»,- ընդգծել է Գուրինը։
Այս րոպեներին խորհրդարանի շենքը պիկետավորում են հազարավոր մարդիկ։ Ակցիան կազմակերպվել է ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության հետ համատեղ։








































