«Մեր առավելագույն ծրագիրը իշխանափոխությունն է, իսկ նվազագույնը՝ սահմանադրական փոփոխությունների խաթարումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ բացառելով, որ այս երկու ծրագրերը կխանգարեն միմյանց:
«Հաշվի առնելով հանրային կարծիքը՝ մենք ձևակերպում ենք այս արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրակարգը՝ օգտվելով մեզ ընձեռված հնարավորությունից»,- հստակեցրեց մեր զրուցակիցը:
Հաշվի առնելով նախկինում ՀԱԿ-ի հետ ունեցած տարաձայնությունները՝ որքանո՞վ է հնարավոր տարբեր գաղափարախոսությունների դավանող ուժերի միավորումը՝ հարցին Մակեյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա խնդիր չէ և չի կարող խոչընդոտել այն գործընթացին, որը սկսվում է»:
Պետրոս Մակեյանը սխալ է համարում գնալ «ոչ»-ի քարոզչությանը, որովհետև նրա խոսքով՝ դա ձեռնտու է իշխանությանը՝ եթե կա «այո»-ի ճակատ, պետք է լիներ նաև «ոչ»-ի ճակատ, ինչը սպասարկում է իշխանական ուժերին:
Պետրոս Մակեյանը կոչ արեց իշխանափոխությանը կողմնակից մյուս քաղաքական ուժերին միանալ այս գործընթացին, որովհետև դա հնարավորություն կտա առավել հեշտորեն ազատվել այս վարչախմբից:








































