Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այսօր կոչ է արել Սիրիայի իշխանություններին սկսել անկախ քննություն, որը կպարզի ցուցարարների սպանության մեղավորներին: «Անհրաժեշտ է անցկացնել անկախ հետաքննություն` կապված ցուցարարների սպանության հետ», ասված է Բուզեկի տարածած հաղորդագրության մեջ:
Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Անվանելով խաղաղ ցուցարարների դեմ բռնություններն անընդունելի` Բուզեկը կոչ է արել Սիրիայի իշխանություններին` բավարարել ժողովրդի օրինական պահանջները` ապահովելով մարդու հիմնարար իրավունքները: «Անհրաժեշտ է վերջ դնել խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների բոլոր ձևերին. այլևս չպետք է լինեն սպանություններ, խոշտանգումներ և ինքնակամ ձերբակալություններ», ասել է Բուզեկը:
Սիրիայի ընդդիմությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է առնվազն 112 սպանվածի մասին: Ըստ ընդդիմադիրների` սպանություններն իրականացրել են Սիրիայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները:







































