Հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գարնանը մարդու հոգեբանական փոփոխությունների մասին: Նա նշեց, որ եղանակի փոփոխության հետ կապված՝ մարդու օրգանիզմում ատիվանում են սեռական հորմոնները և դեպրեսիան, որը հաճախ հայտնի է նաև գարնանային դեպրեսիա անվամբ. «Ձմռանը մարդկանց մեջ անընդհատ էներգիա է կուտակվում, իսկ գարնանը սկսում է այդ էներգիան ծախսվել: Գարնանը մարդու օրգանիզմի բոլոր համակարգերն ակտիվանում են, այդ թվում՝ նաև սեռական, որը կարող է բերել մնացած օրգան-համակարգերի ակտիվությանը»:
Բանախոսն ասաց, որ մեզանում շատ ծնունդներ լինում են աշնան վերջին կամ ձմռան սկզբին: Սա կապված է գարնանը սեռական հորմոնների ակտիվացման հետ և որոշ չափով բարձրացնում է ծնելիության մակարդակը:
Ինչ վերաբերում է դեպրեսիային, ապա դա կարող է առաջանալ մի շարք պատճառներով: Հատկապես 25-30 տարեկան տղամարդկանց և կանանց մոտ, եթե նրանք չեն կարողանում ինչ-ինչ պատճառներով սեռական կյանքով ապրել, նկատվում է դեպրեսիա. «Մարդիկ խուսափում են աշխատելուց, հաճախակի են մտածում ինքնասպանության մասին: Պետք է նրբանկատորեն մոտենալ նման մարդկանց և փորձել հասկանալ»:
Մասնագետը խորհուրդ տվեց նման դեպքերում հոգեթերապևտիկ բուժում ստանալ, որպեսզի դեպրեսիան չխորանա և չազդի օրգանիզմի ներդաշնակության վրա:









































