Երևանում այսօր տեղի է ունեցել «Ժամանակակից տեխնոլոգիաները և «Caterpillar» կազմակերպության մեքենաները ԱՊՀ երկրների ճանապարհաշինական ոլորտում» թեմայով միջազգային գիտագործնական-սեմինար, որին մասնակցել են 150-ից ավելի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Սինգապուրից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից և ԱՊՀ այլ երկրներից։
Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեմինարի մասնակիցների թվում են եղել «Ցեպելին Ռուսլենդ», «Ցեպելին Յուքրեին», «Ցեպելին Արմենիա», Caterpillar Eurasia, Caterpillar Minnerapolis, Caterpillar EAME, Caterpillar Almaty, «CAT», «Tiger», «Եվրոտրակտ», «Յուվենալ», «Ակրոս», «Նավաստրոյ», «Գլավինվեստստրոյ», «Մոսավտոդոր», «Մոլդովավտոդոր» և մի շարք այլ հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հ. Քոչինյանը, «Ճանապարհ» ՍՊԸ նախագահ Է. Բեզոյանը, «Ցեպելին» ընկերության ռեգիոնալ տնօրեն Հ. Կրայսելը «Կատերպիլար» ընկերության ԱՊՀ երկրների ռեգիոնալ մենեջեր Ս. Ֆիպպսը։
Այնուհետև ընթերցվեցին զեկուցումներ հետևյալ թեմաներով՝ «Caterpillar»-ի պատմությունը և նրա գործունեությունը ԱՊՀ երկրներում», «Ճանապարհաշինարարության ժամանակակից տեխնոլոգիաները և CAT մեքենաները», «Ճանապարհային դիագնոստիկա. DYNATEST – ժամանակակից տեխնոլոգիաներ»-ը և այլն։
Միջազգային գիտագործնական սեմինարի կազմակերպիչներն են` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, «Կատերպիլար» ընկերությունը, «Ցեպելին Արմենիա», «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհուրդը և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը:
Գիտագործնական սեմինարի ավարտից հետո Աբովյան քաղաքի մոտակայքում գտնվող շինհրապարակում «Ճանապարհ» ՍՊԸ – ն 130մ ճանապարհահատվածի վրա ցուցադրել է ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան՝ «Կատերպիլարի» նորագույն տեխնիկայի օգտագործմամբ։
Ցուցադրությանը ներկա է եղել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։
Գիտագործնական ցուցադրության ընթացքում ներկայացվող ճանապարհի ասֆալտապատման նոր տեխնոլոգիան իրենից ներկայացնում է մի մեթոդ, ըստ որի հատուկ սարքավորումների միջոցով ճանապարհային պատվածքը մինչև 50 սմ խորությամբ մանրացվում է, ավելացվում է ցեմենտ, բիտում կամ քիմիական որոշ նյութեր, որոնք մեծացնում են մանրացված նյութի ամրությունը։ Ստացված խառնուրդն օգտագործվում է որպես ճանապարհային պատվածքի հիմք, որի վրա՝ կախված ճանապարհի նշանակությունից, տեղադրվում է մեկ կամ երկու շերտ ասֆալտբետոն։ Այս մեթոդի կիրառման արդյունքում՝ 25-30%-ով կրճատվում է ճանապարհային պատվածքի հիմքի վրա կատարվող ծախսերն ու ժամանակը, որակական առումով՝ 10-30%-ով երկարեցվում է ճանապարհների շահագործումը։
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ այդ տեխնիկայի կիրառումը 30 տոկոսով նվազեցնում է ծախսերը և որակյալ ասֆալտբետոնե ճանապարհ ստեղծելու հնարավորություն է տալիս: Նախարարը կարևորել է, որ նոր մեխանիզմը շատ լավ կարող է աշխատել նաև գյուղական միջավայրերում:
«Ես շատ կարևոր եմ համարում, որ արդեն մենք էլ ժամանակակից տեխնիկայով ասֆալտբետոնե ճանապարհներ կկարողանանք կառուցել, որոնք կարող են ունենալ երկարաժամկետ շահագործում»,- ասել է Գ. Բեգլարյանը։
Նախարարի խոսքով, տեխնիկայի առավելություններում համոզվելուց հետո, հնարավոր է, որ դրանք ներառվեն նաև ծրագրերում։
Գ. Բեգլարյանը նշել է, որ չնայած ներկայացված տեխնիկան բավական թանկ արժե, սակայն այն շինարարական կազմակերպությունների սեփականությունն է, և եթե շինկազմակերպություններն ապահովված լինեն աշխատանքով, այսինքն՝ այդ տեխնիկայի ներկայությունը դառնա նախագծային առաջադրանք, ինչի արդյունքում արդեն հնարավոր կլինի Հայաստանում ժամանակակից տեխնիկայով բարձրորակ ասֆալտբետոնյա ճանապարհներ կառուցել։
«Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը տեղեկացրել է Հայաստանում կա նաև ասֆալտտեղադրիչ մեքենա, որը միակն է ԱՊՀ-ում:
«Այն փոսերի նորոգումները, որ ձեռքով էինք իրականացնում, արդեն անցած էտապ է»,- ասել է Բեզոյանը:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը նշել է, որ ներկայացված մեքենամեխանիզմների երկու համալիր արդեն իսկ կա Հայաստանում, ինչը բավական է Հայաստանի 7500կմ կոշտ ծածկ ունեցող ճանապարհներն արագ ու արդյունավետ կառուցելու ու նորոգելու համար։








































