Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն համաներում է շնորհել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գնդապետ Ջոզեֆ Ռոմանոյին, որը հեռակա կարգով դատապարտվել էր 22 ամերիկացիների հետ 2003թ. Միլանի մզկիթի իմամ Աբու Օմարի առևանգման գործով, հաղորդում է RIA Novosti-ն:
Ռոմանոյի համաներումը դարձել է Իտալիայի պատասխան քայլը անվտանգության հարցերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի որդեգրած նոր քաղաքականությանը, որի մասին նա հայտարարել է «իր ընտրվելուց անմիջապես հետո»: Հռոմում ԱՄՆ-ի դեսպանատունն իր հերթին ողջունել է Նապոլիտանոյի այս որոշումը:
Իտալիայի գերագույն վերաքննիչ դատարանը 2012թ. սեպտեմբերին հաստատել է 23 ամերիկացիների հանդեպ ավելի վաղ կայացված դատավճիռը, որոնք մեղավոր են ճանաչվել Աբու Օմարի առևանգման համար: Մինչ այդ նրանք բոլորը դատապարտվել էին յոթ տարվա ազատազրկման:
Իտալիայի հետաքննության տվյալներով` Միլանի մզկիթի իմամ Աբու Օմարին, որը կասկածվում է «Ալ-Քաիդայի» հետ կապերի մեջ, Կենտրոնական հետախուզական վարչության գործակալները ձերբակալել էին 2003թ. փետրվարին և տարել Իտալիայի Ավիանո քաղաքում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազա: Այնտեղից իմամին Գերմանիայով գաղտնի տեղափոխել էին Եգիպտոսի բանտերից մեկը, որտեղ նա խոշտանգումների էր ենթարկվել: 2006թ. հուլիսին Միլանի դատախազությունը պահանջել էր արտահանձնել ամերիկացիներին, որոնք մասնակցել են իմամի առևանգմանը: Նրանց հանդեպ հայտարարվել էր միջազգային հետախուզում, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր չէ կատարել Միլանի դատախազության պահանջները:







































