«Սևան ազգային պարկի» անտառները գտնվում են բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում, սակայն Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված՝ ափամերձ ծառերը պետք է հատվեն, որպեսզի ափերին ճահճացումներ չառաջանան:
Այդ ծառերի տնկման աշխատանքները սկսվել են անցյալ դարի 50-60-ական թվականներին և ավարտվել 80-ական թվականներին: Հիմնվել է 18 հազար հա անտառ-տնկարկներ՝ 37 ծառատեսակներով:
Որպեսզի լճի ջրերի բարձրացման հետ կապված ճահճացումներ չառաջանան, 2006 թվականից սկսած՝ անտառները հատվում են, սակայն՝ ոչ ըստ սահմանված կարգի: «Առաջին լրատվական»-ն այս խնդրի շուրջ զրուցեց բնապահպան Հենրիկ Մարտիրոսյանի հետ, ով նախկինում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի տեղակալն է եղել, և ինչպես ինքն է փաստում, իրեն աշխատանքից ազատել են բնապահպանական խնդիրները բարձրացնելու պատճառով:
Հենրիկ Մարտիրոսյանն ասաց, որ ինքն արդեն 6 տարի է՝ բնապահպանության նախարարությունից պահանջում է ցույց տալ ծառահատման վերաբերյալ տարեկան հաշվարկային հատատեղի որոշում, սակայն մինչ այժմ ոչինչ չի ստացել:
2006 թվականից սկսած՝ իրացվել է շուրջ 200 մլրդ արժողությամբ գույք, որի արդյունքում յուրացվել է 40-50 մլրդ ՀՀ դրամի գումար. «Ծառահատման աշխատանքները մինչ օրս ընթանում են առանց պետական լիազոր մարմնի թույլտվության, առանց սահմանված կարգի: Բայց իրականացվում է բնափայտի և երկրորդական անտառանյութի իրացում։ Ես բազմիցս դիմել եմ ոստիկանություն, իմ դիմումներում ներկայացրել, որ ապօրինի հատվել է շուրջ 2 մլն 500 ծառ, բայց այդպես էլ պատասխան չեմ ստացել»:
Բնապահպանն ասաց նաև, որ Սևանի բաժնի ոստիկանության պետը պաշտոնական գրություն է ուղարկել «Սևան ազգային պարկին», իսկ վերջինս պատասխանել է, որ 2007-ից մինչ այժմ ծառահատման վերաբերյալ ոչ մի հրաման չկա. «Այսինքն, եթե հրաման չկա, բա ո՞նց են այդ հատումները կատարում, ով ուզում, կտրում, ծառերը յուրացնում է: Սևանի ափերին իրականացվում է վանդալիզմ՝ 2006 թվականից մինչ այժմ։ Ըստ առկա նյութերի, որ ներկայացրել ենք ոստիկանություն, 1800 հա անտառ են մաքրել: Դրանից պետական բյուջե վճարել են ընդամենը 8 մլն 400 հազար դրամ, 2-3 մլրդ բնօգտագործման վճարը չկա, որի վերահսկողությունն էլ դրված է հարկային մարմինների վրա»:
Պարոն. Մարտիրոսյանն ասաց նաև, որ այդ նյութատու անտառը նախօրոք հատում և իրացնում են, իսկ կառավարությանը ներկայացնում են, թե թփեր են հատում: Եվ դրա համար պետական բյուջեն հատկացնում է շուրջ 2 մլն դոլարին համարժեք դրամ:










































