Հյուսիսային Կորեան Մեծ Բրիտանիային նախազգուշացրել է, որ ի վիճակի չի լինի ապահովել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների անվտանգությունը ապրիլի 10-ից հակամարտությունը սկսվելու դեպքում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին:
Գերատեսչությունը հաստատել է Փխենյանի կողմից ստացված առաջարկը՝ երկրից դեսպանության տարհանման մասին:
Թե ինչու է կոնկրետ ընտրվել այդ ամսաթիվը՝ չի հաղորդվում:
Ուրբաթ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանությանը և այլ դիվանագիտական առաքելությունների առաջարկել է քննարկել աշխատակիցների տարհանման հարցը՝ կապված Կորեական թերակղզում իրադրության սրման հետ: Մոսկվան մտադիր է պարզել այդ առաջարկի դրդապատճառները՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հյուսիսային Կորեայում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները այսօր Փխենյանում հանդիպման ժամանակ կքննարկեն հնարավոր համատեղ գործողությունները՝ կապված երկրի առաջարկի հետ: Այս մասին հայտնել է Բուլղարիայի ԱԳՆ ներկայացուցչը:
Ուրբաթ Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան միջին հեռահարության երկրորդ բալիստիկ հրթիռն է ուղարկել երկրի արևելյան ափ: Ինչպես կարծում են ամերիկացի մասնագետները՝ հրթիռի արձակումը կարող է նվիրված լինել Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 101-ամյակին (ապրիլի 15):









































