Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարությունը Փխենյանում գտնվող օտարերկրյա դեսպանատներին և դիվանագիտական ներկայացուցչություններին ներկայացրել է Կորեական թերակղզում պատերազմի սկսվելու հնարավորության մասին, տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը:
«ԱՄՆ-ի կողմից աճող սպառնալիքի պատճառով Կորեական թերակղզում իրադրությունը շատ լարված է»,- ասվում է հայտարարության մեջ:
«Հարցն այն չէ, թե արդյո՞ք պատերազմ կսկսվի, այլ՝ թե երբ պատերազմը կսկսվի»,- ասված է փաստաթղթում: Այնտեղ նշվում է նաև, որ դեպքերի հետագա զարգացման հետ կապված՝ օտարերկրյա դեսպանատները և դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է հնարավոր տարհանման որոշում կայացնեն: Հյուսիսային Կորեան, ըստ միջազգային կոնվենցիայի, իր կողմից դիվանագիտական ներկայացուցչություններին անվտանգ տարածքներ կտրամադրի:
Նշենք, որ Հյուսիսային Կորեան 165 պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ ունի։











































