Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում էր Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Քննարկմանն ակտիվորեն մասնակցող ԲՀԿ տնտեսական հարցերի պատասխանատու Միքայել Մելքումյանն իր ելույթում հեգնեց, թե «ԿԲ-ն կարող է նաև գերեզմանային կայունություն ապահովել, այնքան, որ տնտեսությունը չփլվի: Բայց մենք ունե՞նք զարգացման միտում, չունենք: Տեսնո՞ւմ ենք, որ կարող ենք ունենալ, դա էլ չենք տեսնում»:
Այնուհետև պատգամավորը, չգիտես ինչու, հիշեցրեց Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում գյուղացիների կողմից «Աշտարակ կաթ» ընկերության մեքենայի բռնագրավումը՝ այն պատճառով, որ այդ ընկերությունն իրենց հանձնած կաթի դիմաց երկար ժամանակ վճարում չէր կատարել: Հիշեցրեց գյուղացիների, այնուհետև տնտեսվարողների վարկերի մասին: Նույն օրինակը տարածեց խաղողագործների վրա, որոնք չեն կարողանում վաճառել ստացած բերքը, ապա հարց հնչեցրեց. «Եվ ի՞նչ եք կարծում՝ ԿԲ-ն կապ ունի՞ այս ամենի հետ, թե՞ ոչ: Ես գտնում եմ, որ մեծ կապ ունի: Ի՞նչ եղավ 2010-2011թթ. այդ գեղեցիկ դեմքերով արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականությունը: Որևէ մեկը պե՞տք է պատասխան տա: Դուք ասում եք, թե մենք կառավարում ենք գնաճը, շատ լավ, կառավարեք, բայց այդ մեխանիզմներն արդյունք չեն ապահովել»:
Այս քննարկումից անմիջապես հետո սկսվեց կառավարության հետ հարցուպատասխանը: ԲՀԿ-ից կառավարությանը հարց ուղղեցին Վահան Բաբայանն ու Վահե Էնֆիաջյանը: Մեկը բարձրացրեց Տավուշի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ որոշ համայնքներում դասագրքերն անվճար տրամադրելու և դպրոցներից մեկի ճաշարանը վերանորոգելու հարցը, մյուսը հետաքրքրվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու պատճառով ԴԱՀԿ-ում ունեցած անհարկի խնդիրները լուծելուն վերաբերող հարցով:
Մինչդեռ նախկին կառավարության պաշտոնավարման ժամանակ, հիշեցնենք, ԱԺ-ի նիստերի հարցուպատասխանի օրերին ընթանում էին մարտեր առանց կանոնների: ԲՀԿ պատգամավորները նախապես պեղում էին տարատեսակ խնդիրներ ու դրանց պատճառով անարգանքի սյունին գամում նախկին կառավարությանը: Ամեն օր հրաժարական էին պահանջում, անգամ խորհուրդ էին տալիս գնալ ու հանձնվել Ոստիկանության մոտակա բաժիններից մեկում:
Այսօր կարծես թե Հայաստանի տնտեսությունը որևէ խնդիր չունի և զարգանում է մեծ թափով: Կարծես թե Հայաստանի բյուջեն չէ, որ կանգնած է չկատարման եզրին, Հայաստանում չէ, որ եկամուտները նախատեսվածի չափով չեն հավաքագրվում և Հայաստանում չէ, որ, ինչպես ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է ասում, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկում կա: Եվ կարծես թե այսօր նաև վարչապետ Հ. Աբրահամյանը չէ դրա պատասխանատուն:
Ավելին՝ կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2016թ. բյուջեի նախագիծը, որտեղ եկամուտները 8-9 միլիարդ դրամի չափով ավելի քիչ են սահմանված, քան այս տարի է, տնտեսական աճն էլ կրկնակի քիչ է սահմանված, քան 2015-ի համար էին սահմանել: ԲՀԿ-ն այս մասին չի հիշում և վարչապետից պատասխան չի պահանջում, թե ինչու է կառավարությունը հաջորդ տարվա համար զարգացման փոխարեն, անկումային բյուջե ներկայացրել:
Միգուցե արժե հրաժարական պահանջել այս տարվա համար եկամուտների ամբողջական հավաքագրում չապահովող և եկող տարվա համար գրեթե անկումային զարգացում կանխատեսող կառավարությունից նույնպե՞ս: Իհարկե, ԲՀԿ-ն երբեք նման պահանջ չի ներկայացնի: Հ. Աբրահամյանից անգամ տնտեսական աճ չի պահանջի:









































