Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արտակ և Արայիկ Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, երեկ մեզ հետ զրույցում պնդեց, որ իր որդիներն առնչություն չունեն գյուղապետի սպանության հետ: Նաև, որ նրանք ՀՀԿ-ականներ չեն: Ըստ նրա` իր որդիներին ձերբակալել են սպիտակ «Նիվա» ունենալու համար: Հայտնի է, որ Հրաչ Մուրադյանի մարդասպանը սպիտակ «Նիվայով» է եղել: Նշենք, որ մեր այցելության պահին ոստիկանությունը խուզարկում էր Պետրոսյանների բնակարանը: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը ձերբակալվածների հոր` Արշալույս Պետրոսյանի հետ:
– Ձեր տղաները կարո՞ղ էին որևէ առնչություն ունենալ այս դեպքի հետ:
– Իմ տղաները էդ տեսակի անձնավորություն չեն: Էդ դաստիարակությունը իրանք չունեն: Ինչ վերաբերում է Հրաչ Մուրադյանին` իմ տղաները, մենք ունեցել ենք լավ փոխհարաբերություններ: Մենք էդ անձնավորության հետ ոչ մի խնդիր չունենք: Իմ տղաները 100 հազար տոկոս էդ մարդիկ չեն: Եթե էդ մարդիկ կլինեն, թող իրենք մինչև վերջ գնան, եթե չէ` իրանք էդ երեխեքի համար պատասխան են տալու: Ես 100 տոկոս և իմ հետ շփվող մարդիկ, ճանաչող մարդիկ երբեք չեն կարա մտածեն, որ իմ տղաները էդ տղաներն են, ու արդյունքը ցույց կտա: Ես իմ բառերին տեր եմ:
– Մոտ 30 հոգու են հարցաքննել ոստիկանությունում, ինչո՞ւ հենց Ձեր տղաներին ձերբակալեցին:
– Էդ արդեն թող շատ մարդկանց տեղիք տա մտածելու: Ես կարամ ասեմ, որ իմ երեխեքս էդ հարցի հետ կապ չունեն: Իսկ թե ինչի համար են իրենց ձերբակալել, դա արդեն թող իրանք պարզաբանեն: Ի՞նչ է նշանակում, եթե սպիտակ «Նիվա» ունես, ուրեմն պետք է գնաս, հասնես չգիտեմ որտեղ: Հիմնական խնդիրը եղել ա, որ սպիտակ «Նիվա» ա, էդ «Նիվա»-ների վերաբերյալ են էս մարդկանց տարել, հասցրել էդ տեղը:
– Գյուղում միայն Դո՞ւք ունեք սպիտակ «Նիվա»:
– Գյուղում շատ սպիտակ «Նիվա» կա, բայց ի՞նչն է պատճառը, ես չեմ կարող ասել, ինչի՞ համար են էդ սպիտակ «Նիվա»-ների պատճառով տարել էդ երեկու երեխային:
– Այսինքն` Ձեր կարծիքով մեղադրանքն անհիմն է, և պետք է բաց թողնե՞ն իրենց:
– Միանշանակ, միանշանակ: Իմ երեխեքս էդ դաստիարակությունը չունեն, ոչ էլ էդ կառուցվածքը ունեն: Ոչ էլ կարան տենց հանցագործ լինեն, մանավանդ` գյուղապետ Հրաչ Մուրադյանի նկատմամբ:
– Իսկ ո՞րն է Ձեր գնահատականը գյուղապետի հետ կատարվածի վերաբերյալ:
– Հրաչ Մուրադյանը Պռոշյանի ժողովրդի համար իր աշխատած տարիներին շատ մեծ աշխատանքներ է կատարել: Որպես գյուղապետ` մարդը շատ-շատ գործեր է արել էս ժողովրդի համար: Եվ մենք էդ տիպի գյուղապետ չենք ունեցել երբեք: Ցավում եմ էս դեպքի հետ կապված:
– Տեղեկություններ կան, որ Ձեր տղաները Հրաչ Մուրադյանի նախկին մրցակից Արթուր Մուրադյանի նախկին թիմակիցներն են, դա ճի՞շտ է:
– Երբեք ես տենց չեմ ասի: Իմ տղաներս ոչ մեկի թիմակիցն էլ չեն: Իմ տղաները ընդամենը էս գյուղի հասարակության պես ապրող սովորական մարդիկ են: Իրանք գյուղապետի ձգտողական ոչինչ չունեն: Իրանց համար ի՞նչ տարբերություն` նա, թե` էն մյուսը: Էս ամեն ինչը իմ երեխաների նկատմամբ անարդարացի է: Թող ամեն քննությունը գնա, պարզաբանվի:
– Արթուր Մուրադյանը մեզ հետ զրույցում չի հերքել, որ գյուղապետի ընտրությունների ժամանակ Ձեր տղաները եղել են իր կողքին: Դա ճի՞շտ է:
– Իմ տղաները Արթուր Մուրադյանի հետ ընկերներ են, բայց ինչ մնում է, նրանք կարան սենց բան անեն, դա բացառվում է: Հրաչ Մուրադյանին իմ տղաս շատ հարգում է, շատ ընդունում է: Նորմալ վերաբերմունք է եղել փոխադարձ: Ես չգիտեմ` էնտեղ ինչ խնդիր ա գյուղապետի, մյուսի, մեզ չհետաքրքրող հարցեր են:
– Ձեր տղաները հանրապետակա՞ն են:
– Իմ տղաները հանրապետական չեն, ոչ մի կուսակցության չեն պատկանում:
– Չեն էլ պատկանե՞լ:
– Ոչ մի կուսակցության չեն պատկանել:
– Եվ պնդում եք, որ նորմալ հարաբերություննե՞ր են ունեցել գյուղապետի հետ:
– Միանշանակ: Մի տղաս էլ աշխատում է բարերար Աբրահամյան Նիկոլի մոտ, որը դաշնակ է:
– Լավ, Ձեր կարծիքով, ո՞վ կարող էր լինեն սպանության հեղինակը:
– Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ես տենց մտածելակերպ չունեմ, տենց տեսակ չեմ, որ կարամ տենց բաներ ասեմ: Ես կարամ միայն ասեմ, որ իմ տղան չի կարա տենց բան անի: Իրանք էս հարցի հետ երբեք կապ չունեն:
– Հայտնի է, որ գյուղապետի ընտրություններից հետո վիճաբանություն է եղել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի ու դաշնակցական Հրաչ Մուրադյանի միջև, Ձեր տղաներն այդ ժամանակ մասնակցե՞լ են:
– Իմ տղաները չեն մասնակցել: Տեղեկություն չունեմ դրա մասին: Ես տենց բան չեմ լսել:
– Պատրաստվո՞ւմ եք բողոքարկել ոստիկանության գործողությունները:
– Իհարկե: Ես դատապաշտպան եմ վարձել: Արդյունքները թող լինեն քննության: Հետա ստուգել են, խուզարկել են տները, էսօր արդեն 2-րդ անգամն ա: Եթե փորձեն իմ տղաների գլխին ինչ-որ բան սարքել, էդ ժամանակ չգիտեմ` ինչ կլինի:
– Իրենք ցուցմունք տվե՞լ են:
– Չգիտեմ, չեմ կարող ասել` տվել են, թե չեն տվել:









































