ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Տրանսխաղաղօվկիանոսյան առևտրային համագործակցության համաձայնագրի կնքման մասին՝ նշելով, որ համաշխարհային առևտրի օրենքները կգրի ԱՄՆ-ը, ոչ թե Չինաստանը, հայտնում է RIA.Novosti-ն:
«Մենք պետք է գրենք այդ օրենքները՝ ամերիկյան արտադրանքի համար նոր շուկաներ բացելով և աշխատավորների պաշտպանությանն ուղղված բարձր չափանիշներ սահմանելով, պահպանելով շրջակա միջավայրը»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ համաձայնագրի տեքստը կդրվի հասարակական քննարկման: «Ամերիկացի ժողովուրդը մի քանի ամիս ժամանակ կունենա տեքստի յուրաքանչյուր բառը կարդալու համար, նախքան ես կստորագրեմ այն»,- հավատացրել է Օբաման:
Սպասվում է, որ համագործակցության շրջանակներում կստեղծվի ազատ առևտրի գոտի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այն կընդգրկի 12 երկրներ՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Պերու, Չիլի, Մալայզիա, Բրունեյ, Սինգապուր, Վիետնամ, Ճապոնիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա:







































