Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է ժամանակավոր միջոցառումների մասին, համաձայն որոնց՝ Երուսաղեմի Հին քաղաք մուտքը սահմանափակվում է: Մոտակա երկու օրվա ընթացքում պաղեստինցիների մեծ մասին կարգելվի մուտք գործել քաղաքի այդ հատվածը:
Որոշումը կայացվել է շաբաթ և կիրակի օրերին իսրայելցի անցորդների վրա իրականացված մի քանի հարձակումներից հետո: Միջադեպերից մեկի արդյունքում երկու իսրայելցի են մահացել դանակի հարվածներից: Այս մասին տեղեկացնում է korrespondent.ru-ն:
Հոկտեմբերի 3-ի երեկոյան մի պաղեստինցի՝ ենթադրաբար, իսլամիստ ծայրահեղական, Հին քաղաքում հարձակվել է մի քանի անցորդների վրա: Արդյունքում երկու տղամարդ սպանվել են, մի կին և մեկ երեխա՝ վիրավորվել:
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը 19-ամյա մի երիտասարդ է՝ Ալ-Բիրեից: Ծայրահեղական «Իսլամական ջիհադ» խմբավորումը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ երիտասարդը իր անդամներից է:
Նոր սահմանափակումների շրջանակում Հին քաղաքը երկու օր բաց կլինի միայն այնտեղ բնակվող պաղեստինցիների համար:










































