Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Գրոզնի-սիթի» համալիրում տեղի ունեցած հրդեհը վերագրել է Ալլահի կամքին: Instagram-ի իր էջում նա գրել է. «Հրդեհը տեղի է ունեցել Բարձրյալի կամքով, իսկ Նրա կամքի դեմ մենք անզոր ենք»: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ հրդեհված շենքը կվերականգնվի, այն կլինի նախկինից ավելի գեղեցիկ և ավելի լավը: Կադիրովը խոստացել է այսօր որոշել երկնաքերի նոր արտաքին տեսքը:
Կադիրովի զետեղած գրության մեջ ասվում է, որ գլխավորն այն է, որ հրդեհը մարդկային զոհերի չի հանգեցրել: «Որպեսզի Չեչնիայի Հանրապետության ոչ մի բնակչի նույնիսկ ճկույթը չտուժի, ես կզոհաբերեմ ցանկացած շինություն և հանուն դրա կանեմ ամեն հնարավորն ու անհնարինը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ համալիրում հրդեհը բռնկվել էր ապրիլի 3-ի երեկոյան: «Օլիմպ» աշտարակը այրվել է մի քանի ժամ: Կրակը մարել է ապրիլի 4-ին, ժամը 01.30-ին: Տուժածներ չկան: Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման պատճառը օդորակման համակարգում տեղի ունեցած կարճ միացումն էր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 219 հոդվածով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում:











































