«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
– Պարոն Էստուկյան, Թուրքիայում ընտրություններին ընդառաջ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական շարժում» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում տեղ են գտել Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող դրույթներ։ Մասնավորապես նշվում է, որ ընտրվելու դեպքում նախաձեռնելու են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթաց։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։
– Շատ բնական եմ գնահատում, այս կուսակցության հիմնումից ի վեր, նրանց դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է, և այդ կուսակցության բոլոր առաջատար դեմքերը այս թեմայով շատ խիզախ ու հստակ ելույթներ են ունեցել, մանավանդ լուսարձակի տակ են առել քուրդ ժողովրդի պատասխանատվությունը, մեղսակցությունը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ։ Այս նյութը քաղաքական ասպարեզում շատ հստակ քննարկվող թեմա է, հետևաբար շատ բնական եմ համարում այս երևույթը, չնայած կուսակցության ընդդիմադիրների կողմից չարաչար օգտագործվելու է իրենց դեմ։
– Նկատի ունեք, որ իշխանություններն այս անգամ ավելի կոշտ միջոցների՞ կդիմեն քրդական կուսակցության նկատմամբ։
Անշուշտ, նրանք կհռչակեն դավաճան, հայերի գործակալ, իսկ նրանք էլ պատվով պիտի տանեն «հայերի գործակալ» մեղադրանքը։
– Նշվել է նաև, որ քրդական կուսակցությունը պարտավորվում է քայլեր ձեռնարկել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։
– Արդեն անվան մեջ ժողովուրդների դեմոկրատացում ունեցող շարժումը պարտավոր է այդպես լինել, որովհետև մյուս բոլորը ժողովրդավարության դեմ են, ժողովուրդների բարեկամության սկզբունքի դեմ են։ Շրջափակումը, դիվանագիտական հարաբերություններ չունենալը, սահմանների փակ մնալն արդեն ժողովրդավարությանը հակասող երևույթներ են։
– Վերջին ընտրություններին «Ժողովուրդների դեմոկրատական շարժում» կուսակցությունն ացավ խորհրդարան։ Որքանո՞վ է հավանական, որ արտահերթ ընտրություններում այս կուսակցությանը նորից կհաջողվի անցնել խորհրդարան։
– Բնական պայմաններում կարծում ենք, որ այս կուսակցությունը նույնիսկ ձայների տոկոսը բարձրացնելով և ավելի մեծ թվով պատգամավորներով է մտնելու խորհրդարան։ Բայց խոսքը բնական պայմաններում ընտրությունների մասին է։ Մենք չգիտենք, թե մեկ ամիս հետո կայանալիք ընտրություններն իսկապես բնական պայմանների առկայությամբ պիտի տեղի ունենան, թե արտակարգ իրավիճակ կարող է գոյանալ։ Այս պահին նույնիսկ հարցական է, թե ընտրություն կատարվելու է, թե ոչ, որովհետև դա էլ հավանական է, քանի որ այս ընտրությունների կրկնությունը տեղի ունեցավ ուղղակի ձեր նշած կուսակցության հաջողության պատճառած անհանգստության վրա։ Հիմա եթե տեսնեն, որ ժողովրդի կամքը նման բնույթ ունի, չգիտեմ, թե ինչ խարդախության միջոցների պետք է դիմեն, որպեսզի այդ կուսակցությունը խորհրդարանից դուրս մնա։
– Ի՞նչ արտակարգ իրավիճակի մասին է խոսքը, հնարավո՞ր է պատերազմի վտանգ հասունանա։
– Եթե ոչ քաղաքացիական պատերազմ, ապա դրան համապատասխան լարվածություն, սրված իրավիճակ արդեն ներկայումս գործադրվում է քրդաբնակ քաղաքներում։ Այս պահին Դիարբեքիրի Սիլվան քաղաքում փողոց դուրս գալու արգելք կա։ Ոստիկանությունը տների վրա է կրակում, քաղաքացիներ են սպանվում, ինչպես 2 շաբաթ առաջ տեղի ունեցավ Ջիզլիի մեջ։ 8-9 օր տևեց փողոց ելնելու արգելքը։ Հիմա գուցե նման բան բեմադրվի Սիլվանի մեջ, և այդ բոլորը, անշուշտ, ընտրությունների վրա բացասական ազդեցություն է թողնելու։
– Ըստ Ձեզ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ծրագրային պարտավորություններն ավելի կօգնե՞ն, թե՞ կխանգարեն կուսակցությանն անհրաժեշտ թվով ձայներ հավաքել։
– Կուսակցությունն արդեն իր ընտրողներին կարողացել է բացատրել իր կամքն ու նպատակը, հետևաբար չեմ կարծում, որ կուսակցության կողմնակիցներն այդ հայտարարություններից հետո իրենց կարծիքը փոխեն։ Կուսակցությունն իր նախկին ձայներն արդեն ապահովելու է և, կարծում եմ, եթե ամեն ինչ բնականոն ընթանա, ավելի շատ ձայներ է ունենալու։ Եթե նախորդ ընտրություններում 13 տոկոս էին ստացել, այս անգամ արդեն ձգտելու են 15 տոկոսը գերազանցել։
– Նկատի ունեք, որ այս ամիսներին իրավիճա՞կ է փոխվել, և հանրությունն ավելի շատ քվե՞ կտա քրդական կուսակցությանը։
– Այո, որովհետև գործող իշխանության դեմ հիմնականում ամենասուր ընդդիմությունը ներկայացնողը հենց քրդական կուսակցությունն է։ Այսինքն՝ նախագահից դժգոհ եղողները ստիպված են այդ կուսակցությունը նկատի ունենալ։







































