ԱՄՆ բանակի Ֆորտ Նոքս բազայում, որը տեղակայված է Լուիսվիլ քաղաքից (Կենտուկի նահանգ) 50 կմ հարավ-արևմուտք, կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով բազայի ներկայացուցչին:
Կրակոցների հետևանքով զոհվել է 1 մարդ: Տուժածը, որը հանդիսանում է քաղաքացիական անձ, ուղղաթիռով հոսպիտալացվել է, մահը վրա է հասել հիվանդանոցում:
Հրաձգությունը տեղի է ունեցել ոչ հեռու այն շենքից, որտեղ գտնվում է կադրերի հավաքագրման բաժինը: Այնտեղ աշխատում է 3800 մարդ: Ընդհանուր առմամբ ցամաքային զորքերի ռազմաբազայում ավելի քան 40 հազար մարդ կա՝ զինծառայողները, նրանց ընտանիքի անդամներն ու քաղաքացիական անձնակազմը:
Հետաքննությունների դաշնային բյուրոն իր երկու գործակալներին ուղարկել է այնտեղ՝ մասնակցելու հետաքննությանը: Հանցագործը կամ հանցագործները դեռևս ձերբակալված չեն:
Տեղի ոստիկանները ստացել են կասկածյալի նկարագրությունը. նա եղել է բարձրահասակ, սևամորթ տղամարդ, վարել շագանակագույն մեքենա, որի ապակիները մգեցված են եղել:
Տեղի ունեցածի հետևանքով ռազմաբազան փակվել է: Սահմանվել է ուժեղացված անվտանգության ռեժիմ: Կատարվածի պատճառներն անհայտ են:











































