ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը սպասում է, որ մոտ օրերս Բելգրադը և Պրիշտինան կկողմնորոշվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցությունների հարցում: Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Վերջինս լրագրողներին հայտնել է, որ երկու կողմերն էլ խորհրդակցությունների համար իրենց մայրաքաղաքներն են վերադարձել, և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը սպասում է, որ նրանք մոտ օրերս կտեղեկացնեն իրենց որոշումների մասին: Կոսյանչիչի խոսքերով՝ Էշթոնը դեռ մտադիր չէ Սերբիայի և Կոսովոյի վարչապետների հետ նոր հանդիպում նշանակել:
Սերբիայի և Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրյուսելում երեքշաբթի տեղի ունեցած հանդիպմանն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել հարաբերությունների կարգավորման հարցում:
Շատ փորձագետների կարծիքով՝ թվով 8-րդ այս հանդիպումը կարող էր որոշիչ լինել բանակցությունների ամբողջ գործընթացում: Արևմտյան քաղաքական գործիչները պնդում են, որ կողմերը պետք է համաձայնության գան հարաբերությունների կարգավորման հարցում, եթե ցանկանում են մոտենալ ԵՄ-ին:








































