Եթե Արդարադատության խորհուրդը էթիկայի կանոնները խախտելու համար կարգապահական պատասխանատվության ենթարկի վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանին, ապա Հատուկ քննչական ծառայությունը ստիպված կլինի` իր լիազորությունների սահմաններում զբաղվել նրանով: Սա «Սախարովի» անվան մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության իրավաբան Մերի Խաչատրյանի կարծիքն է` հիմնված մի գործի հանգամանքների շուրջ արված վերլուծությունների վրա: Իսկ ի՞նչ է արել դատավորը կամ` ինչի՞ մեջ են նրան կասկածում: Պաշտպանական կողմի պնդմամբ, դատավորը դատական կարգադրիչների հետ հա՛մ ծեծել է վանաձորցի, շարքային քաղաքացի Աշոտ Հարությունյանին, հա՛մ էլ գործը շուռ են տվել նրա դեմ. կարգադրիչները դարձել են տուժող, Ա.Հարությունյանը` մեղադրյալ, իսկ դատավորին փորձում են արանքից հանել. նրան ո՛չ տուժող են ճանաչել, ո՛չ մեղադրյալ, թեեւ բուն միջադեպը նրա հետ է տեղի ունեցել:
30-ամյա Արման Թովմասյանը, ով մինչեւ նախորդ տարվա դեկտեմբերը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2010թ. նոյեմբերի 8-ին գիշերվա ժամը 23.30-ի սահմաններում մտել է Ստեփանավանի մթերային խանութներից մեկը` առեւտուր անելու: Այստեղ հանդիպել է Աշոտին, եւ վերջինիս հոր պատմելով, անհասկանալի պատճառով սկսել երկար նայել Աշոտին: Վանաձորցին էլ միամտություն է ունեցել նրան հարցնելու, թե իրենք ծանո՞թ են… Վանաձորցուն բնորոշ հենց այդ հարցն էլ զայրացրել է դատավորին: Վերջինս Աշոտին առաջարկել է նստել մեքենան ու քշել իր հետեւից: Դե Աշոտն էլ խելոք նստել ու հետեւից գնացել է դատարանի բակ, մտել կողմնակի անձանց համար արգելված, ցանկապատված գոտի: Ու այստեղ, երբ Աշոտը մեքենայից դուրս է եկել, դատավորը տեղում եղած երկու եւ դեպքի վայր ժամանած եւս երկու կարգադրիչների հետ միասին մոտավորապես գիշերվա ժամը 24-ի հատվածում սկսել է ծեծել Աշոտին` հենց դատարանի բակում: Բայց դատավորի բախտն այստեղ այնքանով չի բերել, որ Աշոտի մեքենայի ապակիները մգեցված են եղել, նա ու պետական բյուջեից վարձատրվող, բայց դատավորին թիկնապահական «ծառայություններ» մատուցած կարգադրիչները չեն նկատել մեքենայի մեջ գտնվող Նունե Պառավյանին: Միայն վերջինիս հանկարծակի հայտնվելուց հետո են նրանք դադարեցրել ծեծը, երբ վերջինս սպառնացել է ոստիկաններին կանչել, եթե չդադարեցնեն:
Բայց ի զարմանս այս վկայի` հենց հաջորդ օրը առավոտյան, ոստիկանները մտել են Աշոտ Հարությունյանի տուն, նրան տարել բաժին: Աշոտին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, այնուհետեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Սկզբում գործը քննել է ոստիկանությունը. ասում են` գլխավոր դատախազը սկզբում թույլ չի տվել այն ուղարկել ՀՔԾ, որը զբաղվում է պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերի քննությամբ: Այդ ընթացքում ՔԿՀ-ում Աշոտ Հարությունյանը սուր ցավեր է ունեցել, ի նշան իր նկատմամբ կատարված անօրինության` հացադուլ հայտարարել, ու չնայած փորձագետի եզրակացությանը, որով փաստվել է, որ Աշոտի վրա կան բազմաթիվ մարմնական վնասվածքներ` սալջարդեր, կապտուկներ, կալանքը երկարացվել է: Եվ միայն շատ ավելի ուշ է նրա խափանման միջոցը փոխարինվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ¥առանց պաշտպանի ներկայության¤, երբ Աշոտի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ եւ իրավապաշտպաններն էլ սկսել են ակտիվորեն հետաքրքրություն ցուցաբերել այդ գործի նկատմամբ եւ բազմաթիվ հարցադրումներ են ուղղել ՀՀ նախագահին, Արդարադատության խորհրդին, ՀՔԾ-ին:
Ի վերջո, գործն ուղարկվել է ՀՔԾ վարույթ, որտեղ նախնական տեղեկատվության համաձայն` հանգամանքները մի քիչ այլ կերպ են ներկայացվել: Աշոտը դեպքի օրը, ալկոհոլ օգտագործած վիճակում խանութում գնումներ կատարելիս հանդիպել է դատավոր Ա.Թովմասյանին, ում ճանաչելով որպես 2010թ. հոկտեմբերի 28-ին իր եւ հոր` Ս.Հարությունյանի վերաբերյալ քաղաքացիական գործով իրենց շահերին ի վնաս վճիռ կայացրած դատավորի, վիրավորել է նրան եւ պահանջել առանձնանալ եւ զրուցել: Դատավորը, տեսնելով, որ նա հարբած է, փորձել է չառնչվել նրա հետ եւ իր ավտոմեքենայով գնացել է դատարանի բակի վերոնշյալ պահպանվող հատված: Աշոտն էլ հետեւելով մտել է ներս եւ իբր վիրավորելով դատավորին` սպառնացել է, որ կծեծի: Իսկ երբ կարգադրիչները փորձել են կարգի հրավիրել նրան, Աշոտն իբր նրանց ծեծել ու քաշքշել է: Եվ դա իբր շարունակել է նաեւ 10 րոպե անց` իր ավտոմեքենայում գտնվող Նունե Պառավյանին տուն ճանապարհելուց եւ վերադառնալուց հետո: Այսինքն` գործը ՀՔԾ է հասել ոչ թե դատավորին, այլ կարգադրիչներին դիմադրություն ցույց տալու հիմքով, դրա համար էլ դատավորն արանքից դուրս է եկել եւ նույնիսկ տուժողի կարգավիճակ չի ստացել:
Իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Մերի Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենք բազմաթիվ դիմումներ են հղել իրավասու տարբեր ատյաններ` պատշաճ քննություն տանելու, գործի էական հանգամանքները պարզելու, դատավորի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Մասնավորապես, դեպքը եղել է գիշերվա 12-ին, եւ կարգադրիչները, ովքեր միայն աշխատանքային ժամին են պատասխանատու դատարանի, դատական նիստերի դահլիճի կարգուկանոնի եւ դատավորի անվտանգության պահպանման համար, իրավունք չունեին պաշտպանել Արման Թովմասյանին, քանի որ նա այդ ժամին հանդես չէր գալիս որպես դատավոր:
Հետաքրքիր է, որ դատարանի այդ տարածքը նաեւ տեսագրվում է, եւ երեւի թե այդ տեսաձայնագրությունը հետազոտելն էլ բավական կլիներ քննությունը ճիշտ ուղղությամբ տանելու համար: Ինչեւէ, իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է ՀՔԾ-ին քրգործ հարուցել իրական օրինազանցների գործողությունների փաստով, դիմել Արդարադատության խորհուրդ` դատավորի անձեռնմխելությունից զրկելու Արման Թովմասյանին, եւ նորմալ քննություն տանել: Այդ դեպքում գուցե պարզվի` ով է իրականում մեղավոր: Մ.Խաչատրյանի կարծիքով, եթե ԱԽ-ը կարգապահական պատասխանատվության ենթարկի դատավորին` դատավորի էթիկայի կանոնները խախտելու համար, հնարավոր է ՀՔԾ-ն համարձակվի ճիշտ գնահատական տալ դատավորի եւ կարգադրիչների գործողություններին եւ որոշի նրանց իրական կարգավիճակը: Առայժմ խոսակցություններ են պտտվում, որ ՀՔԾ-ից գործն ուզում են «պաս տալ» ոստիկանությանը` մեջտեղից հանելով ոչ միայն դատավորին, այլ նաեւ կարգադրիչներին:








































