Ի թիվս այլ պատրիարքների, Մյուռոնօրհնեքի արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանում է Երուսաղեմի թեմի առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց հերթական ժողովից առաջ Երուսաղեմի հայոց պատրիարքի և Վեհափառի միջև ծագած կոնֆլիկտը որևէ կերպ չէր հարթվում: Ինչպես տեղեկացրել ենք, Երուսաղեմի պատրիարքության կողմից ներկայացված եպիսկոպոս ձեռնադրելու երկու թեկնածուներից մեկը՝ Պարետ Ծ. վարդապետի Երիցյանը, առանց բացատրության, մերժվել էր Վեհափառի կողմից, և առ այսօր մերժման պատճառների մասին որևէ բացատրություն այդպես էլ չի տրվել: Երուսաղեմի պատրիարքությունն էլ չմասնակցեց Եպիսկոպոսաց ժողովին: Ժողովին հաջորդեցին պատրիարքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի փոխադարձ նամակները։
Պատրիարքի նամակներն աչքի ընկան Վեհափառին մարտահրավեր նետող, վիրավորական արտահայտություններով, մասնավորապես. «Դուք կրնաք մարդ առնել ու ծախել, սակայն ԵՐԲԵ՛Ք ՉԷՔ ԿՐՆԱՐ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՊԱՀԵԼ և ԻՒՐԱՑՆԵԼ: Ձեր բովանդակ կեանքի երկարութեան ձեզի պակսած է տարրական ողջմտութիւնը, հաւատքի և գիտակցութեան համադրումը, որ մարդուն տրուած մեծագոյն շնորհներէն մին է: Ձեր մտածելակերպին պէս սոփեստ և անպատասխանատու են ձեր արտայայտութիւններն ու որոշումները… Ու դարձեալ մեր հայր Պարետի եպիսկոպոսական ձեռնադրութեան առթիւ ցուցաբերեցիք նոյն տհաս և խակ կեցուածքը – յելնելով կարգ մը մարդոց ասէկոսէներուն և հին հաշիւներուն վրայ, մարդիկ՝ որոնք կտրած իրենց իսկ պորտերը ազգին հետ, կը փորձեն մի քանի տոլարով «գնել» չգիտցած ու չհասկցած բաներնին՝ միշտ անտեսելով էականը, ՃԻՇՏԸ, որ այս պարագային Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանական ժողովի որոշումն էր: Դո՛ւք անտեղի պարսաւող մըն էք և առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չգիտցող անձ մը, մէկը՝ որ իր աչքին կարողութեամբ և կամ ալ ակնոցին գոյնին համեմատ կը տեսնէ իրողութիւնները, ուրիշ խօսքով, Վեհափառ, դուք ձիերը կառքին ետևէն լծողներէն էք: Այլևս ժամանակը հասած է, որ դադրիք դրախտաբնակի մը նման փորձելէ ձեր բարոյական մերկութիւնն ու սնանկութիւնը թուզի տերևներով ծածկել»:
Վեհափառը դեռ այն ժամանակ էլ հրավիրել էր պատրիարքին գալ Մայր Աթոռ՝ առկա տարաձայնությունները պարզելու: Սակայն այն ժամանակ էլ պատրիարքը մերժեց վեհափառին:
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշակոթող այցելած Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք այս այցով ենթադրվում է, որ առկա կոնֆլիկտները լուծում են ստացել: Երուսաղեմի պատրիարքը, սակայն, ամեն կերպ խուսափում էր պատասխանել. «Այդ մասին չեմ ուզում խոսել, կրոնական պարտականություն էր, որ պետք է անեի, եկա, սիրով եկա»: Նա նաև նշեց, որ վերհափառի և իր միջև կոնֆլիկտ չկա, և այցերը Հայաստան այսուհետ կլինեն շարունակական:
«Առաջին լրատվական»-ը պատրիարքից հետաքրքրվեց նաև, թե պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում ինչպիսի՞ն է հայկական եկեղեցու վիճակն այսօր: Ի պատասխան նա նշեց. «Մենք խնդիր չունենք, կարողանում ենք շատ հանգիստ հարաբերվել»:
Հարցին՝ հայ համայնքը խնդիրներ չունի՞ այնտեղ. նախկինում կալվածքների, տարածքների հետ կապված խնդիրների մասին խոսակցություններ կային, նշվում էր 99 տարով վարձակալության հետ կապված խնդիրների մասին, Նուրհան սրբազանը պատասխանեց, որ դա Թորգոմ պատրիրարքի ժամանակ է եղել, իսկ հիմա համաձայնությունը միայն 25 տարով է:








































