Այսօր Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Հեյսամ Ալ-Մալիհը հայտարարել է, որ բավարար չէ միայն արտակարգ դրության ռեժիմի վերացումը, անհրաժեշտ են նոր բարեփոխումներ դատական համակարգում, ինչպես նաև հարկ է սահմանափակել հատուկ ծառայությունների իրավասությունները: Նրա խոսքերը մեջբերել է Al-Jazeera-ն: Մեկ այլ ընդդիմադիր` Մուլազ Ումրանը, ասել է, որ «Սիրիայի իշխանությունն այլևս կորցրել է վստահությունը ժողովրդի շրջանում»:
Այսօր, ուրբաթօրյա աղոթքից հետո տասնյակ հազարավոր մարդիկ Սիրիայի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ` պահանջելով բարեփոխումների շարունակություն: Al-Jazeera-ն հաղորդել է տասնյակ զոհվածների և վիրավորների մասին: Դամասկոսում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, երբ քաղաքի շրջաններից մեկում 2000 մարդ պահանջել է Բաշար Ալ-Ասադի հրաժարականը:
Associated Press գործակալությունը հայտնում է, որ ցույցեր են տեղի ունեցել Հոմսում, Համայում, հյուսիսարևելյան քրդաբնակ շրջաններում: Համա քաղաքում իրավապահները կիրառել են հրազեն. «Շենքի տանիքներին մենք դիպուկահարներ ենք տեսել: Մեզանից ոչ մեկը զենք չունի: Կան տուժածներ, հնարավոր է` երկու մարդ սպանվել է»,- France Presse գործակալության լրագրողին ասել է ցույցի մասնակիցներից մեկը:









































