Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կտրականապես դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի ու նրա հետ համագործակցող լրագրողների վրա գործադրվող ճնշումները։
Կազմակերպության հայտարարությունում մտահոգություն է հայտնվում լրագրող Շիրին Աբասովի ճակատագրի կապակցությամբ և պահանջվոմ է անհապաղ ազատ արձակել նրան։ HRW-ի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ծրագրերի գծով փոխտնօրեն Ջեյն Բյուկենենը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության էսկալացիայի այդ ողջ շղթան նպատակ է հետապնդում լռեցնել անկախ ԶԼՄ-ները։
Վերջին շրջանում Meydan TV-ի աշխատակիցներն ու նրա հետ համագործակցող լրագրողները քանիցս ձերբակալվել ու հարցաքննվել են։









































