Ֆրանսահայ համայնքն աշխատանքներ է տանում հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիային անընդհատ իրազեկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, իրենք փորձում են ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանը ագրեսորի կարգավիճակով լարվածություն հրահրում Հայաստանի Հանրապետության ու Արցախի իր սահմաններում: «Սա է մեր գործը Ֆրանսիայում, որ տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունենում սահմանին: Մենք ձգտում ենք, որ Ֆրանսիան Ալիևին ասի` բավական է այդպես գործես, թե չէ ավելի խիստ կլինենք քո դեմ: Հուսով ենք, որ դա կհաջողվի առաջիկա ամիսներին, բայց շատ դժվար գործ է»,-ասել է Հարութ Մարտիրոսյանը:











































