Հոլանդական դատարանի որոշմամբ, երկրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Դեն Հաագ» ակումբի դարպասապահ Ջինո Կոուտինյոն դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:
Դարպասապահը և նրա ընկերուհին մեղավոր են ճանաչվել մարիխուանա արտադրելու մեջ: Արդյունքում, հոլանդական ակումբը առաջնության ավարտից երեք տուր առաջ կորցրեց իր հիմնական դարպասապահին: Այս մասին հաղորդում է Guardian-ը:
Ոստիկանությունը Կոուտինյոյին ձերբակալել էր 2009 թվականի օգոստոսին` նրա ֆերմայում ստուգումներ անցկացնելուց հետո: Ոստիկանության տվյալներով, ֆերմայում հայտնաբերվել է ավելի քան 4200 թուփ: Ինքը՝ ֆուտբոլիստը, հերքում է այդ ամենը, չնայած հենց այնտեղ են նրան ձերբակալել: Ավելին` ֆերման նրա անունով է գրանցված:
Անցյալ ամիս նույն բանի համար երկու տարով ազատազրկվել է նաև Կոուտինյոյի հայրը, ինչից կարելի է ենթադրել, որ սա ընտանեկան բիզնես է:
Ակումբի ղեկավարությունը քննադատել է ֆուտբոլիստի արարքը, սակայն թույլատրել է ազատ արձակվելուց հետո վերադառնալ թիմ: