ՄԱԿ-ի կենտրոնակայանում հաջորդ շաբաթ պետությունները կվավերացնեն առնվազն 30 միջազգային կոնվենցիա, այդ թվում՝ երեխաների և հաշմանդամների իրավունքների վերաբերյալ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության Իրավական վարչության կոնվենցիաների հարցերով բաժնի ղեկավար Սանտյագո Վիլյապանդոն:
Նա հիշեցրել է, որ Գլխավոր ասամբլեայի համընդհանուր քաղաքական քննարկումն ավանդաբար երկրներն օգտագործում են՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին փոխանցելու համար վավերացումների գրությունները: Այս տարի այդպիսի պաշտոնական միջոցառումների համար հատկացված է 4 օր՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը:
Վիլյապանդոյի խոսքով՝ կվավերացվեն Կոնվենցիաներ հաշմանդամների իրավունքների վերաբերյալ, Զենքի առևտրի վերաբերյալ միջազգային պայմանագիր, Երեխայի իրավունքների վերաբերյալ, նաև մի շարք պակաս հայտնի համաձայնագրեր: Նա չի թվել երկրները, որոնք ծրագրում են միանալ այդ փաստաթղթերին, սակայն նշել է, որ դրանք «մի շարք պետություններ են աշխարհի մի քանի տարածաշրջաններից»:








































