Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել 150 քմ հողատարածք տրամադրել Եռաբլուր պանթեոնում հնչակյան 20 կախաղանների աճյունների վերաթաղման համար: Սակայն այդ վերաթաղումը կարող է այդպես էլ չկայանալ, քանի որ չեն գտնվում Փարամազի և նրա ընկերների աճյունները, որոնք կախաղան բարձրացվեցին Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում:
Հնչակյան կուսակցության ղեկավարները որոշել էին 1915թ. Թուրքիայում կախաղան բարձրացված 20 հնչակյաների 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպել նրանց աճյունների վերաթաղումը հայրենիքում: Ընդհանրապես հնչակյանները լավ կանեին, եթե հանգիստ թողնեին Փարամազի և նրա նահատակ ընկերների աճյունները, բայց քանի որ հայ ժողովուրդը տառապում է մեռելապաշտությամբ և սիրում է վերաթաղումներ կազմակերպել, իսկ հնչակյանները տիպիկ հայեր են, որոշել են հետ չմնալ մյուսներից: Սակայն, պարզվում է, նրանք Ստամբուլում չեն կարողանում գտնել 20 հայ նահատակների աճյունները:
Մեր տեղեկություններով՝ այն վայրում, որը ենթադրաբար համարվել է Փարամազի և նրա ընկերների թաղման վայրը, կատարվել են փորման աշխատանքներ, հողի տակից դուրս են բերվել մարդկային ոսկորներ, սակայն դրանց հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք չէին կարող պատկանել Փարամազին կամ մյուսներին: Թե ինչ հետազոտություններ են արվել կամ ում ոսկորներն են հանվել գետնի տակից՝ անհայտ է, բայց մի բան հստակ է, որ հնչակյան կուսակցության ղեկավարները ուզում են վերաթաղել հենց Փարամազի և նրա ընկերների աճյունները, նրանց չի բավարարում սիմվոլիկան. օրինակ՝ շիրիմից մի բուռ հող բերելը, նրանք կոնկրետություն են ուզում:
Ընդհանրապես շատ վիճելի է այն հարցը, թե հնարավոր է գտնել 20 կախաղան բարձրացված հայորդիների աճյունները, կամ ինչպես պետք է պարզել, թե ում են պատկանում գտնված ոսկորները: Գիտնականները կարող են ոսկորների միջոցով պարզել սեռը, տարիքը և մոտավորապես նաև մահվան ժամանակաշրջանը, բայց 1915թ. Ստամբուլում սպանվել և թաղվել են բազմաթիվ հայեր, և գիտությունը չի կարող ոսկորների միջոցով պարզել, թե կոնկրետ ում են պատկանում դրանք: Այնպես որ, հնչակյան կուսակցության ղեկավարների փորձերը Ստամբուլում, որը վերջին 100 տարվա մեջ բուռն զարգացում է ապրել, և անընդհատ կառուցվել ու քանդվել է, գտնել 20 հայ նահատակների շիրիմները իսկապես անօգուտ և արդյունավետության առումով խիստ կասկածելի զբաղմունք է:
Բայց երբ որևէ կուսակցություն չունի ապագայի հետ կապված քաղաքական օրակարգ, երբ չգիտի, թե ինչ պետք է անի այսօր կամ վաղը, նա ստիպված է զբաղվել ոսկորների որոնմամբ և վերաթաղումներ կազմակերպելու գործով, չնայած այդ հարցում ևս այս կուսակցությունը խիստ ձախողակ է:
Միակ գործը, որ Հնչակյան կուսակցության ղեկավարները անում են մեծ հաջողությամբ, դա ազգային ունեցվածքի վաճառքն ու դրանից ստացված գումարների յուրացումն է: Դրա ամենաթարմ օրինակը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Սահակյան դպրոցի տարածքի վաճառքն էր, որն իրականացրեցին Հնչակյան կուսակցության Լիբանանի կառույցի ղեկավարներ Եղիկ Ջերեջյանը և Սեպուհ Գալփակյանը:
Այդ հողատարածքի վրա պետք է ազգային թատրոն կառուցվեր, բայց այդ մարդիկ համարեցին, որ համայնքը թատրոնի կարիք չունի, քանի որ իրենք կարողանում են ավելի համոզիչ քաղաքական-հայրենասիրական թատրոն բեմադրել: Տարածքը վաճառվեց 2,5-3 միլիոն դոլարով, բայց թե ինչ եղավ այդ գումարը՝ որևէ մեկը չգիտի: Հնչակյանները ուզում էին այդ գումարի գոնե մի չնչին մասով Հայաստանում գրասենյակ գնել, բայց նույնիսկ դա չարեցին, որովհետև զբաղված են շատ ավելի կարևոր գործով՝ Թուրքիայի տարածքում աճյուններ որոնելով:












































