Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 19-ին, կրծքագեղձի քաղցկեղից Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է բրիտանացի գրող Ջեքի Քոլինզը՝ դերասանուհի Ջոան Քոլինզի քույրը: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ընտանիքի հայտարարությանը:
Ժաքլին Ջիլլ Քոլինզը ծնվել է 1937թ. Լոնդոնում՝ պարուսույցի և թատերական գործակալի ընտանիքում, որոնք ծագումով ՀԱՀ-ից էին: 15 տարեկանում ապագա գրողին հեռացրել են դպրոցից, ինչից հետո նա քրոջ հետ մեկնել է՝ նվաճելու Հոլիվուդը: 1950-ականներին նա խաղացել է մի քանի հեռուստասերիալներում, ինչից հետո տարվել է գրական գործունեությամբ:
1968-ին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Աշխարհը լի է ամուսնացած տղամարդկանցով»: Գիրքը բաց տեսարանների պատճառով արգելվել է Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում, սակայն լավ վաճառվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Նրա երկրորդ և երրորդ վեպերը՝ «Հովատակ» և «Հոլիվուդյան գազանանոց», դարձել են բեսթսելլեր:
1974-ին հրատարակվել է նրա առաջին քրեական վեպը՝ «Մարդասպան սիրուհիները», իսկ «Հոլիվուդյան կանայք» վեպը նրա բեսթսելլերների շարքում գրավել է առաջին տեղը և վաճառվել 15 մլն օրինակով:








































