Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հետաքննություն է սկսվել լրագրող Հասան Ջեմալի նկատմամբ, ով տխրահռչակ Ջեմալ փաշայի թոռն է։ Պատճառը Հասան Ջեմալի «Թափվող արյան թիվ մեկ պատասխանատուն պալատի սուլթանն է, վերջակետ» հոդվածն է։
Այդ հոդվածը T24 կայքում հրապարակվել է օգոստոսի 12-ին։ Հոդվածում Հասան Ջեմալն անդրադարձել է Թուրքիայում վերսկսված զինված բախումներին ու արյունահեղությանը՝ գրելով, որ, անկասկած, այդ ամենի համար պատասխանատուների գլխավերևում կանգնած է նախագահ Ռեջեփ Էրդողանը և ոչ թե մեկ ուրիշը։
Թուրքական թերթը շոկային է համարում Հասան Ջեմալի դեմ սկսված հետաքննությունը։
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը 2012 թվականին հրատարակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը։









































