Ստոկհոլմի հանրային գրադարանում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոն կազմակերպվել է Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ:
Բացման խոսքով հանդես է եկել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։ Հայտնի շվեդ դերասանուհի Իդա Յիլլենստենի կատարմամբ շվեդերեն ընթերցվել են Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները, իսկ շվեդ գրող և թարգմանիչ Մաքս Էդենբորյի կատարմամբ ներկայացվել է Դանիել Վարուժանի և Սիամանթոյի քնարերգությունը։ Երեկոյի ընթացքում հնչել են կոմիտասյան մեղեդիներ` շվեդահայ դուդուկահար Հայկ Հակոբյանի կատարմամբ։ Հեղինակների կենսագրությունները ներկայացրել և երեկոն վարել է Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, իսկ բանաստեղծությունները հայերեն բնօրինակից ընթերցել է Նենսի Խաչատուրյանը:







































