«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը
– Պարո՛ն Մանուկյան, կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վաճառելու առաջարկությանը: Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ՀԷՑ-ի գնորդը օվշորային գոտում գրանցված անհայտ ինչ-որ մի ընկերություն է:
– Ես մնում եմ այն կարծիքին, որ իշխանությունը ռեկորդը ռեկորդի հետևից է սահմանում: Եվ այնպիսի ռեկորդներ, որ անընդհատ ուզում ես զարմանալ: Եվ եթե ճիշտ է, որ օվշորում գրանցված կամ անհայտ մի կառույց է գնորդը, որ ինչ-որ մեկը գնացել է օվշորում ու ֆիրմա է ձևակերպել, որպեսզի առնի ՀԷՑ-ը, ուրեմն դա խայտառակություն է: Երկրորդը՝ ամբողջ հանրապետությունն արդեն վեց-յոթ ամիս է, ինչ եռում է ՀԷՑ-ի և էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրներով, իշխանությունը գնացել է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համաձայնության: Չե՞ն կարողանում մեկ-երկու ամիս համբերել՝ տեսնեն, թե ինչ է կատարվել: Միգուցե ձեռնտու է, որ ՀԷՑ-ը պետականացվի, միգուցե ձեռնտու է, որ հենց այդպես էլ մնա:
– Այսինքն՝ ճիշտ կլիներ սպասել մինչև աուդիտի արդյունքների հրապարակումը, հետո նո՞ր ՀԷՑ-ը վաճառելու գործընթաց սկսել:
– Նվազագույնը: Ես տարօրինակ եմ համարում նաև այն հանգամանքը, թե արդյոք ՀԷՑ-ը գնել ցանկացողներին հետաքրքիր չէ այդ աուդիտի կամ խորհրդատվության արդյունքները, որին, ինչպես փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, մնացել է 10 օր: Կամ ինչպես Հովիկ Աբրահամյանն է հայտարարել, երկու ամիս հետո աուդիտը կավարտեն: Երկու ամիս չե՞ն կարողանում համբերել ու տեսնել, թե ինչ խոհանոց կա:
– Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ո՞րն է ՀԷՑ-ը վաճառելու այդ շտապողականության պատճառը:
– Տեսականորեն մի պատճառ կարող է լինել՝ փողի սղությունը, մեր երկիրը հիմա տառապում է դրանից: Ներդրումներ չկան, տրանսֆերտներ չկան, գումարների մուտք չկա: Նույնիսկ խոսվում է գործող բյուջեի փոփոխության մասին, սեկվեստորի մասին խոսակցություններ են գնում: Գանձարանը դատարկ է և հարկավոր է ինչ-որ կերպ, անգամ ցանկացած գնով լուծել այդ խնդիրը:







































