Իրանի հետ միջուկային գործարքը պատմության մեջ ամենավատ համաձայնագրերից է: Այս մասին չորեքշաբթի օրը հերթական հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել են Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի հավակնորդները՝ գրում է RIA Novosti-ն:
«Այդ համաձայնագիրը մղձավանջ է Իսրայելի համար»,- ասել է սենատոր Լինդսի Գրեմը: Նախագահական ընտրապայքարում հաղթանակի դեպքում նա խոստացել է «ավելի լավ համաձայնագրի հասնել»:
Հարցին՝ հաղթանակի դեպքում մտադի՞ր է արդյոք նա ռմբակոծել Իրանը, եթե վերջինս շարունակի միջուկային զենքի ստեղծման հարցում առաջ շարժվել, Գրեմը պատասխանել է, թե աշխատանքի առաջին իսկ օրը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, կզբաղվի այն հարցի պարզաբանմամբ, թե ինչ է անհրաժեշտ զինված ուժերին ցանկացած վտանգի արձագանքելու համար:
Իր հերթին, նախկին սենատոր Ռիք Սանտորումը հայտարարել է, որ «միջուկային զենք մշակող իրանցի գիտնականները պետք է իմանան, որ իրենք անվտանգության մեջ չեն»:









































