Ուկրաինայի նախագահի կայքում հայտնվել է էլեկտրոնային միջնորդագիր՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնանկ անելու կոչով։
Միջնորդագրի հեղինակը, ով ներկայանում է որպես Վիկտոր Ստեպանենկո, հաստատում է, որ նահանգապետի պաշտոնում աշխատանքի 3 ամիսներին նա չի կատարել իր ոչ մի խոստում։ Նրա կարծիքով՝ Սաակաշվիլին բարեփոխումներ է անցկացնում միայն խոսքով։ Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում է միայն հարցազրույցներում։
Բացի այդ, միջնորդագրի հեղինակը նշում է, որ Սաակաշվիլին խոստացել է ներդրումներ ներգրավել տարածաշրջան, սակայն դեռևս ոչ մի ներդրող չի եկել։
Միակ բանը, որ ստացվում է նրա մոտ, ինքնագովազդն է՝ վստահ է Ստեպանենկոն։
«Մի՞թե Ուկրաինայի քաղաքացիների շարքում չկա ազնիվ, պրոֆեսիոնալ թեկնածու, ով ունակ կլինի կարգուկանոն հաստատել Օդեսայի մարզում»,- հարցադրում է արել Ստեպանենկոն։
Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնում լիազորությունները կատարում է 2015-ի մայիսի 30-ից։












































